ԱՄՆ-ի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը գոնե մեկ անգամ դեղեր է ընդունել հոգեկան խանգարումների, դեպրեսիայի եւ ուղեղի աշխատանքի ու հոգեբանության հետ կապված ավելի լուրջ խնդիրների դեմ: Այս մասին նշված է JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը եւ մի քանի սոցիոլոգներ հրապարակել են իրենց իրականացրած հետազոտության արդյունքները, որում նրանք հաստատել են ԱՄՆ-ում «կենցաղային թմրամոլության» իսկական համաճարակի գոյությունը, որը պայմանավորված է բժիշկների եւ բնակիչների շրջանում ափիոնային ցավազրկողների տարածվածության աճով: Դրա շնորհիվ Ամերիկայի բնակչության որոշ խմբերում մահացությունը չի նվազել, հակառակը՝ վերջին տարիներին աճել է:
Այնուհետեւ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները հետազոտել են ԱՄՆ-ում 1996 թվականից մինչեւ մեր օրերը մահացության վիճակագրությունը եւ պարզել, որ մահացության աճը եւ չարաշահումների հաճախակիանալը բնութագրական են ոչ միայն ափիոնային ցավազրկողներին, այլեւ սովորական հակադեպրեսանտներին:
Ալեքսանդրիայի (ԱՄՆ) Բժշկական անվտանգ պրակտիկայի ինստիտուտից Թոմաս Մուրը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ դրա հնարավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ի բնակչության մեծ մասը կանոնավոր ընդունում է գոնե մեկ կամ նույնիսկ մի քանի տեսակի հոգեմետ, հանգստաբեր կամ այլ միջոցներ, որոնք նախատեսված են հոգեբանանական խանգարումների բուժման համար:
2013-ին համանման դեղամիջոցների օգտագործման վիճակագրությունը կազմելով, հարցումներ անցկացնելով Ամերիկայի մի քանի քաղաքների հազարավոր բնակիչների շրջանում՝ գիտնականները հայտնաբերել են, որ մեծահասակների 16 տոկոսից ավելին, ԱՄՆ-ի յուրաքանչյուր 6-րդ բնակիչը, գնել է կամ բժիշկներից խնդրել դուրս գրել այդ դեղամիջոցները գնելու դեղատոմս:
Ամերիկացիների 12 տոկոսից ավելին նշում է, որ կանոնավորապես հակադեպրեսանտներ է ընդունել, մոտ 8 տոկոսն օգտագործել է անկսիոլիտիկներ եւ այլ հանգստաբերներ, ըստ որում՝ նրանց մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, երկար տարիների ընթացքում այդպիսի դեղամիջոցները մշտապես է ընդունում:






