Հակաբիոտիկների փոխարեն, սեփսիսը՝ արյան վարակում, բուժելու համար կարելի է օգտագործել մագնիսը: Շվեյցարիայի Տեխնոլոգիաների եւ նյութագիտության դաշնային լաբորատորիայի (Empa), Ադոլֆ Մերկեի ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի գիտնականները պատրաստվում են սեփսիսի դեմ պայքարել մագնիսական թերապիայի միջոցով՝ նախապես վնասակար միկրոօրգանիզմները միավորելով երկաթ պարունակող հակամարմիններով:

Սեփսիսը ինֆեկցիոն հիվանդություն է, որի դեպքում արյան մեջ են ընկնում ախտածին բակտերիաներ՝ ամբողջ օրգանիզմում առաջացնելով բորբոքային պրոցեսներ, որի պարագայում մահացու ելքի հավանականությունը բավական բարձր է: Սեփսիսի դեպքում սովորաբար նշանակում են հակաբիոտիկների մեծ չափաքանակներ, սակայն հիվանդության հարուցիչները դրանց նկատմամբ կարող են ռեզիստենտ լինել:

Նախկինում մագնիսի օգտագործմամբ սեփսիսի բուժման նոր մեթոդներ մշակվել են, սակայն սահմանափակում կար՝ սեփսիս առաջացնող բակտերիաները հակամարմիններին միացնելու համար անհրաժեշտ էր պարզել բակտերիայի տեսակը: Բակտերիայի յուրաքանչյուր տեսակին միանում է հակամարմինների միայն մեկ տեսակ, ուստի մագնիսական բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ էր արյան անալիզ կատարել, իսկ դա հանգեցնում էր թանկ ժամանակի կորստի: Այժմ մասնագետներին հաջողվել է նոր հակամարմիններ ստեղծել, որոնք կարող են միանալ սեփսիսի հանգեցնող բակտերիաների մեծամասնության հետ, իսկ դա մագնիսի օգնությամբ արյունը մաքրելու համար նոր հորիզոններ կբացի:

Առայժմ չի կարելի նոր բուժումը պրակտիկայում կիրառել. նախ անհրաժեշտ է պարզել, թե մարդու համար այն որքանով է անվտանգ, արդյոք արյան մեջ չե՞ն մնում երկաթ պարունակող տարրեր: Ի դեպ, մասնագետները հայտնել են, որ տարրերը հատուկ այնպես են ստեղծվել, որպեսզի հնարավոր լինի դրանք խմբերով միավորել եւ մագնիսի օգնությամբ օրգանիզմից դուրս բերել: Թեստերը ցույց են տվել, որ հակամարմինները 5 օրվա ընթացքում քայքայվում են: Գիտնականները ծրագրում են հետազոտության հաջորդ փուլում թեստավորել, թե իրականում հակամարմիններն իրենց ինչպես են պահում եւ արդյոք իսկապես իրենց են «կցում» անհրաժեշտ բակտերիաները: