Կիտրոնի կտորներում, որոնք բարերում եւ ռեստորաններում հաճախ ավելացնում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներին, միկրոօրգանիզմներ են պարունակվում, որոնք կարող են ինֆեկցիոն հիվանդություններ հարուցել: Սա պարզել են Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of Environmental Health ամսագրում:
Գիտնականները 21 ռեստորաններում ըմպելիքներում եղած կիտրոնի կտորներից քսուքներ են վերցրել: Այդ նմուշների 70 տոկոսում միկրոօրգանիզմների աճ է նկատվել: Հետազոտողներն ընդհանուր առմամբ հայտնաբերել են միկրոօրգանիզմների 25 տարբեր տեսակներ, որոնք բոլորը տեսականորեն կարող են ինֆեկցիոն հիվանդություններ հրահրել:
Հետազոտողների խոսքով՝ ռեստորանների եւ բարերի աշխատակիցները հպվում են կիտրոնին, այն կտրում (դեռ լավ է, եթե նրանք այն կտրելուց առաջ լվանում են), կտորները տուփի, գավաթի կամ բաժակի մեջ դնում, որտեղից որոշ ժամանակ անց վերցնում եւ ըմպելիքի մեջ են դնում: Այսպես միկրոօրգանիզմները հեշտությամբ հայտնվում են կիտրոնի կտորների վրա (հաճախ հենց աշխատակիցների ձեռքերից կամ կեղտոտ մակերեւույթից), իսկ ընպելիքներում ալկոհոլը ոչ միշտ է թունդ, որպեսզի դրանք ոչնչացնի:






