Այսօր՝ դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» նոր օրենքը ընդհանուր առմամբ ակոտւալ է ու համապատասխանում է միջազգային չափանիշերին, բայց դրա մի շարք կետերի շուրջ կան մտավախություններ, ու դեռ հասկանալի չէ, թե ինչ լուծում կտրվի դրանց։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է Դեղ արտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ միության) նախագահ Սամվել Զաքարյանը։
«Օրենքը թղթի վրա շատ լավ տեսք ունի, բայց կան մի շարք դրույթներ, որոնց իրականացման համար համապատասխան նորմեր են պետք, որոնք դեռ ընդունված չեն։ Եվ հենց դա է մեր մտավախությունների պատճառը, քանի որ մենք դեռ չգիտենք, թե ինչ է լինելու»,- ասել է նա։
Օրինակ դեղերի մեծածախ ու մանրածախ առեւտրի տարանջատումը ընդհանուր առմամբ ԴԱՆ միությունը ճիշտ որոշում է համարում, քանի որ Հայաստանում արդեն ընդունվել է GMP ստանդարտը, ու եկել է մնացած G ստանդարտների ընդունման ժամանակը։ Սակայն խնդիրն այն է ,որ Հայաստանում մի շարք ներմուծողներ ունեն նաեւ դեղատների ցանցեր։ «Առաջ նրանց մեծածախ գործունեությունը չէր լիցենզավորում, լիցենզավորվում էր միայն դեղատնային գործունեությունը։ Հիմա, եթե ֆիրմաները պետք է բաժանվեն մեծածախի ու մանրածախի մասով, ապա կարելի է պարզապես ընդունել հին լիցենզիաները, որոնք դեղատներն արդեն ունեն, այլ ոչ թե պահանջել նորերը, ինչի համար պետք է նորից անցնեն ամբողջ ընթացակարգերը, մուծումներ անեն եւ այլն։ Այսինքն , դա կարելի է անել, չստեղծելով նոր բարդություններ մասնավոր հատվածի համար»,- նշեց նա՝ հավելելով, որ այս հարցը դեռ լուծված չէ։
ԴԱՆ միության ղեկավարի համար նաեւ անհասկանալի է այն փաստը, որ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը այդպիսի եռանդով էր առաջ տանում «Դեղերի մասին» նոր օրենքը, միաժամանակ պատշաճ ձգտում չցուցաբերելով ենթաօրենսդրական ակտերի ընդունման հարցում, որոնք կապահովեն նոր օրենքի նորմալ կիրառումը։
«Հիմա եթե նոր օրենքի դաշտով ենք աշխատում, բայց հին օրենքի նորմերը դեռ գործելու են, մինչեւ նոր օրենքի նորմերը լինեն, քաոսային վիճակ կարող է ստեղծվել, որի մասին անընդհատ զգուշացրել ենք տարբեր ձեւերով, տարբեր մասնավոր հատվածի ներկայացուցիչներով, տարբեր էմոցիոնալ ֆոնի վրա։ Բայց հարցն այն էր, որ լսելի լիներ այդ ամենը», – ասաց նա։
Սամվել Զաքարյանի խոսքով մեկ այլ խնդրահարույց հարց է զուգահեռ ներմուծման հարցը։ Հայաստանի կառավարության կողմից մի քանի տարի առաջ ընդունված որոշումը զուգահեռ ներմուծման թույլատվության մասին գրեթե չէր գործում, քանի որ «Դեղերի մասին» հին օրենքի կետերը խանգարում էին դրան։
Թվում էր, թե նոր օրենքը կկանոնակարգի այս հարցը, բայց իրավիճակը կրկնվում է ՝ մի կողմից օրենքը թույլատրում է զուգահեռ ներմուծումը, մյուս կողմից էլ՝ դրանում կան արհեստական խոչընդոտներ, որոնք կապակցված են դեղերի գրանցման հետ։
Սամվել Զաքարյանի կարծիքով, որպեսզի զուգահեռ ներմուծումը իրոք գործի, պետք է մեղմել ասենք Հայաստանում գրանցված տարբերակին փաթեթավորման դիզայնի, գրառման լեզվի, ներդիրի լեզվի համապատասխանության վերաբերյալ պահանջները։ «Դա պետք է լինի ավելի հեշտ ու հասանելի մասնավոր ոլորտի համար ու դա կհանգեցնի դեղերի գների նվազմանը, պարզապես պետք է ավելի user freandly դարձնել, հեշտացնել, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծել»,- նշեց նա։
Ժամանակին, նրա խոսքով, երբ ԴԱՆ միությունը զգուշացնում էր զուգահեռ ներմուծման ժամանակավրեպության մասին, Դեղերի փորձաքննության կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը հավաստիիացնում էր, որ ոչ մի խնդիր չի լինի։ «Բայց իրականում պարզվեց, որ ամեն ինչ խնդիր է, իսկ Թոփչյանը հնարավորություն ստացավ մեկին թույլատրել զուգահեռ ներկրումը, իսկ մյուսին՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր օրենքը նույնպես չի լուծում այս խնդիրը, եւ հիմա դա մահակ է Հակոբ Թոփչյանի ձեռքին։
«Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ու այդ մասը պետք է պարտադիր վերանայվի։ Եթե դու սկզբունքայնորեն ընդունում ես զուգահեռ ներմուծումը, մնացած նորմերը պետք է համապատասխանեցվեն դրան։ Գուցե ընդունվեն նման նորմեր։ Սակայն օրենքն այն տեսքով ինչպիսին հիմա է, խնդրահարույց է»,- ամփոփեց ԴԱՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ ուժի մեջ մտած «Դեղերի մասին» օրենքը բազմիցս քննադատվել է ոլորտի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես այն բանի համար, որ չեն ընդունվել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, որոնք կապահովեն դրա մի շարք դրույթների կատարումը։ Այսօր ԱՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն օրենքի տվյալ դրույթները չեն գործի, քանի դեռ չեն ընդունվել համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ եւն։






