Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի աուտիզմի հետազոտման լաբորատորիայի աշխատակիցները աուտիկ սպեկտրի խանգարումների ախտորոշման նոր միջոց են առաջարկել, որը կարելի է կիրառել արդեն 3-4 ամսական երեխաների համար: Սովորաբար աուտիզմն ախտորոշվում է միայն 3-4 տարեկանում:

Ժամանակակից բժշկությունն առայժմ չի կարողանում աուտիզմը բուժել, սակայն այդ խանգարման վաղ ախտորոշումը եւ փոքրիկ հիվանդների հետ ժամանակին սկսած աշխատանքը օգնում է զգալիորեն լավացնել նրանց կյանքի որակը. եթե ախտորոշումը կատարվի մինչեւ մեկ տարեկան դառնալը, երեխան էականորեն ավելի հեշտ կհարմարվի հասարակությանը:

Ռուս գիտնականների առաջարկած ախտորոշման նոր միջոցի հիմքում կողմնորոշվող զգայունությունն է՝ ուղղահայաց եւ հորիզոնական գծերը ճանաչելու մարդու ընդունակությունը եւ որոշելը, թե այդ գծերը որքանով են շեղվում հորիզոնից եւ ուղղահայացից: Մարդկանց մոտ այս ընդունակությունը դրսեւորվում է արդեն 3-4 ամսականում, որի աշխատանքի համար պատասխանատու են արգելակող ինտերնեյրոնները: Աուտիզմով տառապող երեխաները 3-4 ամսականում եւ հետագայում սովորաբար ավելի վատ են հաղթահարում գծերի շեղումները որոշելու խնդիրները, քան աուտիզմ չունեցող երեխաները:

Իրենց վարկածը ստուգելու համար գիտնականները 78 տղաների մասնակցությամբ փորձ են իրականացրել, որոնցից 40-ի մոտ աուտիկ սպեկտրի խանգարումներ էին ախտորոշված, իսկ 38-ը առողջ էին: Բոլոր երեխաներին մի քանի պատկերներ են ցույց տվել, որոնց վրա պատկերված էին ուղղահայաց, անկյունագծային, ինչպես նաեւ ուղղահայացից եւ անկյունագծից շեղվող գծեր: Պատանի մասնակիցները պետք է որոշեին՝ որքան է մեծ եղել գծերի շեղումը: Աուտիկ երեխաների խումբը ավելի վատ է հաղթահարել հորիզոնական գծերի շեղումները հայտնաբերելու խնդիրը:

Լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Տատյանա Ստրոգանովան նշել է, որ այդպիսի թեստավորումը մեծ ծախսեր չի պահանջում եւ կարող է անցկացվել ժամանակակից մեթոդների օգնությամբ: Նրա խոսքով՝ գծերն ինքնին այնքան էլ կարեւոր չեն, սակայն դրանց ընկալման խանգարումը նշանակում է, որ երեխայի մոտ առկա է արգելակիչ նեյրոնների անբավարարություն, ինչը հետագայում կարտացոլվի նրա զարգացման վրա:

Տատյանա Ստրոգանովան եւ նրա գործընկերները նախատեսում են ապագայում անցկացնել բարձր ռիսկի խմբի 300 մանկահասակ երեխաների մասնակցությամբ գլոբալ հետազոտություն:

Այս թեմայով առաջին հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Neuroscience, Child and Adolescent Psychiatry գիտական ամսագրում: