NQO1 եւ HIF-1a ֆերմենտները փոխազդում են՝ օնկոհիվանդների մոտ խթանելով ուռուցքների աճը: University of Texas-ի գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել ֆերմենտների հետազոտության ընթացքում, որոնց փոխազդեցության մասին նախկինում ոչ մի բան հայտնի չէր:

Հետաքրքիր է, որ այս ֆերմենտներից յուրաքանչյուրն առանձին օրգանիզմում շատ կարեւոր դերակատարում ունի եւ այն պաշտպանում է: NQO1-ը առանձին օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալների ներգործությունից եւ շրջակա միջավայրի տոքսիններից, ինչպես, օրինակ, ծխախոտի ծխից: Իսկ HIF-1a-ն մեծացնում է բջիջների կենսունակությունը, երբ օրգանիզմում թթվածինը ժամանակավորապես նվազում է, այսինքն՝ հիպոքսիայի դեպքում: Երբ թթվածնի մակարդակը կարգավորվում է, HIF-1a-ն քայքայվում է:

Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են կոլորեկտալ քաղցկեղով հիվանդների ուռուցքների բջիջները եւ անսպասելի կապ են հայտնաբերել NQO1-ի եւ HIF-1a-ի բարձր մակարդակների միջեւ: Նրանք փորձեր են անցկացրել նաեւ կաթնագեղձի եւ կոլորեկտալ քաղցկեղներով մկների վրա: Մասնագետները քաղցկեղային բջիջներից հեռացրել են NQO1-ը, այնուհետեւ իմունոդեֆիցիտով կրծողների մի խմբին են ներարկել այդ քաղցկեղային բջիջները, իսկ մյուս խմբին՝ ուռուցքի բջիջներ, որոնք չէին մոդիֆիկացրել:

Հետազոտությամբ պարզվել է, որ առանց NQO1-ի բջիջներ ստացած մկների ուռուցքները չափերով ավելի փոքր են եղել: Գիտնականների խոսքով՝ կենսունակ մնալու համար քաղցկեղային բջիջները թթվածնի կարիք ունեն: Սակայն ուռուցքները չափազանց արագ են աճում, ինչը հանգեցնում է թթվածնի անբավարարության: Պարզվել է, որ NQO1 քաղցկեղային բջիջները կապվում են HIF-1a-ի հետ եւ կանխում դրա խտության նվազումը: Դա ուռուցքներին թույլ է տալիս թթվածնով հագենալ եւ հարմարվել հիպոքսիային, ինչը արագացնում է դրանց աճը: