Աշխարհում տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր մահանում կամ հաշմանդամ են դառնում սրտի եւ ուղեղի կաթվածի հետեւանքով, որոնք առաջանում են ուղեղը եւ սիրտը թթվածնով եւ այլ նյութերով սնուցող անոթների շրջափակման հետեւանքով: University of Missouri School of Medicine-ի գիտնականների վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ PAI-039 պատրաստուկը կարող է կանխել շրջափակումը՝ դրանով իսկ կանխելով կաթվածը, ինֆարկտը եւ այլ հիվանդությունները, որոնք առաջանում են արյան մատակարարման խանգարումների հետեւանքով:
Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology ամսագրում հրապարակված հետազոտությամբ պարզվել է, որ PAI-039 պատրաստուկն արգելակում է հարթ մկանային բջիջների տեղաշարժը մարդու կորոնար անոթներ՝ կանխելով թրոմբների առաջացումը: Այս արդյունքները ստացվել են լաբորատոր մկների վրա դեղի ներգործությանը հետեւելիս: Հետազոտողներն ընդգծում են, որ օրգաններին եւ մկաններին արյան մատակարարումը կարգավորելու համար անոթները նեղանում եւ ընդարձակվում են: Գիտնականները պարզել են, որ PAI-039-ը գրեթե 50 տոկոսով նվազեցնում է թրոմբների առաջացումը, ինչը բավական էական ցուցանիշ է:
Պլազմինոգեն-1 կամ PAI-1 ակտիվատորների ինհիբիտորները բնականորեն օրգանիզմում հանդիպող սպիտակուց են, որը գտնվում է արյունատար անոթներում, որոնք կարգավորում են բջիջների տեղաշարժերը: Այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին շաքարախտն է եւ ճարպակալումը, տեղի է ունենում PAI-1 ավելցուկային կուտակում արյունատար անոթներում, ինչն էլ նպաստում է թրոմբների առաջացմանը: Տվյալ պրոցեսը դիտարկվում է ոչ միայն զարկերակներում, այլեւ այն հիվանդների երակներում, որոնք աորտոկորոնար շունտավորման են ենթարկվել:
Հետազոտողներն ուսումնասիրել են PAI-039-ը, որը նաեւ տիպլակստինին անունով է հայտնի. այս փորձնական դեղը մինչ օրս չի կիրառվել մարդկանց շրջանում: Գիտնականների կարծիքով՝ եթե հետագա հետազոտությունները հաջող լինեն, ապա PAI-039-ը կամ նման այլ պատրաստուկները կսկսեն կիրառվել անոթներում եւ շունտերում թրոմբների առաջացումը կանխելու համար: Բացի անոթային թրոմբների կանխարգելումից, PAI-1 արգելակիչը նաեւ հակամակարդման էֆեկտ կունենա, որը կանխում է արյան մակարդուկների առաջացումը, որոնք էլ առաջացնում են սրտի եւ ուղեղի կաթվածների մեծ մասը:






