ԱՄՆ-ում ավարտվել են «Օկրելիզումաբ» նոր դեղամիջոցի կլինիկական հետազոտությունները, որը, ըստ հետազոտությունների արդյունքների, իսկապես դանդաղեցնում է ցրված սկլերոզի, այդ թվում՝ ագրեսիվ տեսակի զարգացումը։ Մասնագետները այդ դեղամիջոցը ցրված սկլերոզի բուժման տեսակետից բեկումնային են անվանում։

Հիմա դեղորայքը պետք է հաստատվի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչության կողմից, որից հետո կմտնի Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկա։ Մշակողները հույս ունեն, որ դեղամիջոցը հասանելի կլինի արդեն 2017-ի գարնանը ու լայն կիրառում կստանա։

732 հիվանդների մասնակցությամբ հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine –ում, ցույց է տվել, որ վիճակը շարունակել վատանալ «Օկրելիզումաբ» դեղամիջոցն ընդունող հիվանդների միայն 33 տոկոսի եւ պլացեբո ընդունող հիվանդների 39 տոկոսի մոտ։

Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցել է 1656 հիվանդ, ցույց է տվել, որ «Օկրելիզումաբ» ընդունող մարդկանց մոտ հիվանդության կրկնությունը 50 տոկոսով հազվադեպ է, քան պլացեբո ընդունողների մոտ։

«Օկրելիզումաբը» նաեւ ապացուցել է մյուս դեղամիջոցների նկատմամբ իր արդյունավետությունը կրկնվող ցրված սկլերոզով ՝ հիվանդության առավել տարածված տեսակով հիվանդների բուժման առումով։ Գլխուղեղի նոր հատվածների բորբոքումը նվազել է 95 տոկոսով։

Սան Ֆրանցիսկոյի քալիֆորնիական համալսարանի նյարդաբանության բաժնի ղեկավար բժիշկ Սթիվեն Հաուզերի խոսքով, հիվանդության կրկնվող տեսակով է տառապում ա հիվանդների մոտ 15 տոկոսը, դրա համար էլ այս դեղամիջոցը որոշակի հույս է տալիս սրընթաց զարգացող ցրված սկլերոզով հիվանդներին։

Հաուզերը բացատրել է, որ ցրված սկլերոզը առաջանում է, երբ իմունային համակարգը գրոհում է միելին ճարպոտ նյութից բաղկացած նյարդային հյուսվածքների պաշտպանական պատյանի վրա։ Միելինային պատյանի քայքայումից հետո որոշ հիվանդներ հայտնվում են երկարատեւ դեգեներատիվ վիճակի մեջ, որը հայտնի են որպես առաջնային զարգացող ցրված սկլերոզ։

Դեղորայքը ճնշում է իմունային բջիջները, որոնք հակամարմիններ են արտադրում միելինի վրա գրոհելու համար։ Հիվանդության այդ փուլում, որը հայտնի է որպես կրկնվող ցրված սկլերոզ, դեղորայքի շնորհիվ հիվանդների մոտ ակտիվ գրոհներից հետո սկսվում են ռեմիսիայի ժամանակաշրջաններ։

Նկատենք, որ աշխարհում ցրված սկլերոզով հիվանդ է մոտ 2․3 մլն մարդ, այդ թվում 400 000-ը ԱՄՆ-ում։ Այս հիվանդությունն այսօրվա դրությամբ անբուժելի է համարվում։

«Քանի որ մենք երբեք առաջնային զարգացող ցրված սկլերոզի բուժման այլ համարժեք մեթոդներ չենք ունեցել, ապա սա մեզ համար բեկումային հաջողություն է»,- ասել են ամերիկացի բժիշկները։