67-ամյա Անաստասիա Օնտուն (Հունաստան) դարձել է աշխարհի ամենատարեց փոխնակ մայրը. նա կրել եւ ծննդաբերել է իր թոռնուհուն՝ դստեր երեխային: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ՝ ժամկետից 6 շաբաթ վաղ եւ ծնվելիս կշռել է 1 կիլոգրամից փոքր-ինչ ավելի:

Անաստասիան երեխային կրելու որոշում է ընդունել, երբ նրա դուստրը՝ Կոնստանտինան, հղիանալու 7 անհաջող փորձերից հետո տեղեկացել է, որ այլեւս երբեք չի կարողանա հղիանալ: Դուստրը խոստովանել է, որ մորը խելագար է համարել, երբ նա իր ծառայությունն է առաջարկել որպես փոխնակ մայր: 43-ամյա կինը անկարող էր հավատալ, որ 70-ամյա հոբելյանի շեմին գտնվող մայրը կանի այն, ինչն անել ինքն անընդունակ է:

Օնտուին օգնած բժիշկները նրան հերոսուհի են անվանել եւ խոստովանել են, որ սկզբում ուղղակի չէին հավատում, որ ամեն ինչ կստացվի: Նշենք, որ փոխնակ մոր պատկառելի տարիքի պատճառով ամբողջ գործընթացն ընթացել է դատարանի որոշմամբ:

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհում ամենածեր փոխնակ մայրը Իսպանիայի բնակչուհի Մարիա դել Կարմեն Բուսադա Լարան էր: Գրեթե 10 տարի առաջ Մարիան երկվորյակներ էր ծննդաբերել, երբ 66 տարեկան 358 օրական էր, սակայն 2009 թվականին նա քաղցկեղից մահացել է: Արհեստական բեղմնավորման միջամտությանը ռեկրորդակիրը ենթարկվել է ԱՄՆ-ում, երբ խաբել է բժիշկներին՝ իր ճիշտ տարիքը չասելով:

Այս տարի՝ ավելի վաղ մոլորակում ամենածեր մայրն է դարձել Հնդկաստանի 72-ամյա բնակչուհի Դալինդեր Կաուրը. նա երեխային ծննդաբերել է 72 տարեկանում: Դա տեղի է ունեցել անպտղության դեմ երկամյա բուժումից հետո: