«Շոկահարել եւ սպանել» կոչվող մեթոդը, որը համադրում է օնկոլոգիական եւ հակառետրովիրուսային դեղամիջոցները, կարող է դառնալ ՄԻԱՎ ինֆեկցիայից լիակատար առողջացման արդյունավետ մեթոդ:
Բարձր արդյունավետությամբ հակառետրովիրուսային (ԲԱՀՌ) բուժման դեղամիջոցները թույլ են տալիս ՄԻԱՎ վարակակիրների արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը ճնշել մինչեւ անորոշելի մակարդակ, սակայն ՄԻԱՎ-ը, միեւնույն է, օրգանիզմում մնում է «քնած վիճակում»: Եվ հենց հիվանդը դադարեցնի դեղերի ընդունումը, վիրուսը կակտիվանա եւ կսկսի բազմանալ: Գիտնականները արդեն երկար տարիներ դեղամիջոցներ են փնտրում, որոնք կարող են ՄԻԱՎ-ի վիրուսը ոչնչացնել՝ օրգանիզմը նրանից ամբողջովին ազատելով:
Նոր բուժումը, որը ստացել է «շոկահարել եւ սպանել» (shock and kill) անունը, լաբորատորիաներում կենդանիների մոդելների եւ փոքրաթիվ հիվանդների վրա հաջող փորձարկումներ է անցել: Գիտնականները ծրագրել են արդեն հաջորդ տարի մարդկանց վրա ավելի խոշոր փորձարկումներ անցկացնել:
Մեթոդը նախատեսում է քաղցկեղի դեմ ռոմիդեպսին դեղի եւ բարձր արդյունավետությամբ հակառետրովիրուսային բուժման դեղամիջոցների համադրություն: Այս կրկնակի հարվածի հաշվին հաջողվում է քնած վիրուսին հանել իմունային քնած բջիջների թաքստոցներից՝ ոչնչացնելու համար:
Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները իրենց հետազոտության արդյունքները ներկայացնելիս նշել են, որ տվյալ մեթոդը այսօրվա դրությամբ ամենախոստումնալից մեթոդներից մեկն է:
Հետագա հետազոտությունների ընթացքում կհաստատվի, թե բուժումն ինչպես պետք է կատարվի՝ դեղահաբերի՞, թե՞ կաթիլայինի միջոցով: Իրականացվող եւս մեկ հետազոտությամբ կհետեւեն այն մարդկանց, որոնք ԲԱՀՌ բուժման շրջանակում դադարել են դեղ խմել:






