Հանթինգթոնի խորեայի առաջացումը կարող է կապված լինել ուղեղի այն հատվածի դիսֆունկցիայի հետ, որը պատասխանատու է շարժման եւ խթանման վերահսկման համար:
Հանթինգթոնի խորեան անբուժելի ժառանգական հիվանդություն է (մեկ եզակի գենի արատ), որը հանգեցնում է մտավոր եւ շարժողական խանգարումների առաջացման: Որպես կանոն, հիվանդությունը մարդու վրա է գրոհում 40 տարեկանից հետո, եւ 10-15 տարվա ընթացքում հիվանդները կորցնում են ինքնուրույն շարժվելու, սնվելու եւ նույնիսկ իրենց հետ կատարվողը ըմբռնելու հնարավորությունը: Սա նյարդաբանական ամենածանր արագ զարգացող հիվանդություններից է, սակայն գիտությունն առ այսօր չի կարողանում հասկանալ, թե գենի արատն ու ախտանշաններն առաջացնող պատճառները որոնք են, եւ ինչպես է հնարավոր այն բուժել:
Իլինոյսի Northwestern University-ի գիտնականները պարզել են, որ Հանթինգթոնի խորեան, որը հանգեցնում է ուղեղի նյարդային բջիջների կորստի, առաջանում է ենթաթալամուսային կորիզի՝ բազալ գանգլիաների դիսֆունկցիայի հետեւանքով: Ուղեղի այս կառույցները ծայրահեղ կարեւոր են շարժումների եւ խթանման վերահսկման համար: Հայտնագործությունը կարող է բացատրել խորեայի ծանր ախտանշանների պատճառը, որոնց թվում է ոչ միայն շարժման խանգարումը, այլեւ դեպրեսիան, նաեւ անահատականության փոփոխությունները:
Գիտնականներն օգտագործել են գենետիկորեն մոդիֆիկացված մկներին, որոնք կրել են Հանթինգթոնի խորեայի գենը: Պարզվել է, որ նրանց ենթաթալամուսային կորիզում էլեկտրական ակտիվությունը բացակայում է: Ենթաթալամուսային ակտիվության խանգարումը հարուցել էին ռեցեպտորային անոմալ ազդակները, որը հանգեցրել էր էներգետիկ նյութափոխանակության արատի եւ վնասված օքսիդանտների կուտակման:
Դրանից զատ, ենթաթալամուսային կորիզի անոմալիաները ավելի վաղ էին առաջացել, քան ուղեղի այլ հատվածներում խանգարումները: Կորիզի նյարդային բջիջները ձեւախախտման էին ենթարվում մկների հասունացմանը զուգահեռ, որը կրկնում էր մարդու մոտ համանման պրոցեսները: Այս հայտնագործությունը կարող է դրվել Հանթինգթոնի խորեայի բուժման նոր մեթոդների հիմքում:






