Կենսաբանները նոր ապացույցներ են գտել այն մասին, որ աուտիզմի զարգացմանը մասնակցում են ոչ միայն գեները, այլեւ աղիների մանրէները։ Նրանք դրական տեղաշարժեր են հայտնաբերել փոխպատվաստված միկրոֆլորայով կամավորների ուղեղի աշխատանքում, ասվում է Microbiome ամսագրում հրապարակված հոդվածում։

«Մենք ավարտել ենք կլինիկական փորձարկումների առաջին փուլը, ցույց տալով, որ նման փոխպատվաստումները մարդու համար անվտանգ են ու արդյունավետ։ Մյուս կողմից էլ մեզ անհրաժեշտ է անցկացնել փորձարկումների երկրորդ ու երրորդ փուլը, որպեսզի աուտիզմի բուժման այս մեթոդը շուկա հանենք»,- հայտնել է Ջեմյս Ադամսը Արիզոնայի համալսարանից։

Անցած տարվա ամռանը մի խումբ կենսաբաններ ու բժիշկներ հայտնաբերել են, որ աուտիկ մկների աղիների մաքրումը մանրէներից ու դրանցում առողջ մկների միկրոֆլորայի փոխպատվաստումը հիվանդ մկների սերնդին պաշտպանել է աուտիզմի զարգացումից։ Աուտիզմի նման բակտերիալ զարգացման պատճառը, ինչպես գիտնականներն էին այն ժամանակ ենթադրել, միկրոֆլորայի տեսակային կազմի փոփոխություններն են, որոնք տեղի են ունենում ճարպակալումով տառապող մարդկանց կամ կենդանիների աղիներում։

Ադամսը ու նրա գործընկերները այս մեթոդը ստուգել են 6-14 տարեկան 18 կամավորների խմբում, որոնք տառապում էին աուտիզմից ու համաձայնել էին աղիները մանրէներից մաքրելու ու կղանքային մանրէների փոխպատվաստման օգնությամբ դրանք նորից «բնակեցնելու» բուժակարգին։

Այդ բուժակարգը մոտ տասը շաբաթ է տեւել, որի ընթացքում նրանք հակաբիոտիկների ու ակտիվ հոգնայի միջոցով կամավորների աղիների բոլոր մասերը մաքրել են միկրոբներից, այնուհետեւ դրանք լցրել նրանց առողջ հասակակիցների մարսողական համակարգի նույնատիպ մասերից ստացված միկրոբներով։

Նման բուժակարգը, ըստ գիտնականների, նկատելիորեն լավացրել է այդ երեխաների կյանքը՝ աուտիզմի ախտանշանների սրությունը միջինը նվազել է 20-25 տոկոսով, նրանք սկսել են ավելի լավ ու ավելի հաճախ շփվել մեծահասակների ու հասակակիցների հետ, ավելի լավ քնել։

Համեմատելով հին ու նոր միկրոֆլորայի նմուշները՝ գիտնականները բազմաթիվ տարբերություններ են գտել դրանց կառուցվածքում՝ մասնավորապես , մանրէների փոխպատվաստումը նկատելիորեն բարձրացրել է դրանց տեսակային բազմազանությունը ու քանակությունը աուտիկ երեխաների աղիներում։ Բուժակարգի դադարեցումից հետո միկրոբների թվաքանակը չի նվազել, ինչը հաստատել է , որ մանրէները հարմարվել են, ու աուտիկների օրգանիզմն էլ է հարմարվել դրանց ներկայությանը։

Առայժմ հասկանալի չէ, թե հատկապես ինչն է բարելավել աուտիկների վիճակը ՝ բուն միկրոբները, թե՞ դրանք փոխպատվաստելու բուժակարգը։ Այս հարցի պատասխանը կենսաբանները մտադիր են գտնել արդեն մոտ ժամանակներս, նույնատեսակ բուժակարգերի ենթարկելով նաեւ հսկիչ խմբի առողջ երեխաներին։