Մասնագետները նոր ապարանջան են ստեղծել, որը կարող է 90 տոկոս ճշգրտությամբ որոշել երեխային բեղմնավորելու լավագույն պահը: Ava սարքը վերլուծում է կնոջ օրգանիզմում հազիվ նկատելի փոփոխությունները, օրինակ՝ հանգիստ վիճակում սրտի կծկումների հաճախականությունը եւ մաշկի ջերմաստիճանը: Դա օգնում է հաստատել ձվազատման ժամանակը:

Ապարանջանը ժամացույցի է նման, սակայն, ինչպես հեղինակներն են նշել, ժամանակի փոխարեն, ցույց է տալիս, թե երբ է ավելի լավ փորձել երեխա բեղմնավորել: Կինը պետք է ապարանջանը գիշերը հագնի, իսկ առավոտյան հանի, երբ այն ստացած տվյալները կուղարկի տիրուհու հեռախոսին: Ապարանջանը ստեղծողները հույս ունեն, որ նոր մեթոդը կփոխարինի ձվազատման ստանդարտ թեստին. այն ավելի հարմար է եւ ժամանակի ու ուժերի ավելի քիչ ծախս է պահանջում: Սարքը 9 պարամետր է գնահատում, այդ թվում՝ շնչառության, սրտի կծկումների հաճախականությունները եւ քնի տեւողությունը, իսկ այս տվյալների վերլուծության հիման վրա հավելվածը կարող է հուշել, թե կնոջ մոտ երբ տեղի կունենա ձվազատումը:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում անցկացված հետազոտությանը 41 կին է մասնակցել, որոնց հետեւել են մեկ տարի շարունակ: Մասնագետները հաստատել են, որ ապարանջանը 89 տոկոս ճշգրտությամբ որոշել է բեղմնավորման համար լավագույն օրերը. ապարանջանի տվյալները մեծ մասամբ հաստատվել են մասնակիցների արյան մեջ հորմոնների մակարդակի անալիզներով:

Ակնկալվում է, որ ապարանջանը Մեծ Բրիտանիայում վաճառքի կհանվի այս շաբաթվա վերջին եւ կարժենա 199 ֆունտ: