Ուղեղի ձեւով կարելի է պարզել մարդու մոտ տարբեր բնավորության գծերի արտահայտվածության աստիճանը։ Ուղեղի ձեւով կարելի է պարզել նաեւ մարդու մոտ հոգեկան հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի մասնագետները։
Այլ համալսարանների իրենց գործընկերների հետ համատեղ նրանք ուսումնասիրել են ավելի քան 500 մարդու տվյալները՝ հետազոտելով գլխուղեղի կեղեւի անատոմիայի եւ անհատականության 5 հիմնական գծերի՝ նեւրոտիզմի, էքստրավերսիայի, բարեխղճության, բաց բնավորության եւ զիջողականության միջեւ կապը։
Մեր ուղեղի կեղեւը մեծ մակերես եւ ծալքեր ունի։ Դրանց գոյացության ընթացքում կեղեւի հաստությունը կրճատվում է, եւ դրա շնորհիվ մարդու բավականին մեծ ուղեղը տեղավորվում է գանգի մեջ։ Կյանքի ընթացքում կեղեւի հաստությունը պակասում է, իսկ ծալքերի թիվը՝ մեծանում։ Բացի այդ, տարիքի հետ նեւրոտիզմի մակարդակը նվազում է, իսկ զիջողականության եւ բարեխղճության մակարդակը՝ մեծանում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նեւրոտիզմի բարձր մակարդակը եւ հոգեկան խանգարումների աստիճանը կապված է եղել քունքային մասերում ուղեղի կեղեւի հաստության, փոքր մակերեսի եւ ծալքերի քանակի հետ։ Իսկ նախաձեռնողականությունը, նորի համար բաց լինելը եւ հետաքրքրասիրությունը կապ ունի ճակատային մասի կեղեւի հաստության կրճատման, կեղեւի մակերեսի եւ ծալքերի մեծանալու հետ։
«Մեր հետազոտությունը հաստատել է այն գաղափարը, որ մարդու բնավորությունը ինչ–որ տեղ կախված է նրա ուղեղի զարգացումից եւ հասունացումից։ Մեծ կարեւորություն ունի նաեւ գենետիկ գործոնը»,– ասել է University of Rome Tor Vergata–ի մասնագետ Ռոբերտա Ռիչելին։






