Փոխելով հակաբիոտիկների ընդունելության ստանդարտ ռեժիմը՝ թոքախտի բուժման տեւողությունը կարելի է մեծապես կրճատել, ինչը ոչ միայն բուժումն ավելի արդյունավետ կդարձնի, այլ նաեւ կօգնի պայքարել հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ։ Նման եզրակացության են եկել University of California–ի մասնագետները, որոնք բժիշկ Մարկուս Հորվցի գլխավորությամբ կարողացել են մկների մոտ թոքախտի բուժման տեւողությունը կրճատել 75 տոկոսով՝ օպտիմալացնելով ստանդարտ հակաբիոտիկների չափավորումն ու կոմբինացիան։
Մարդու մոտ թոքախտի ավանդական թերապիան շատ երկարատեւ է լինում, հիվանդը ստիպված է 8 ամիս եւ անգամ ավելի շատ հակաբիոտիկներ ընդունել։ Դրա արդյունքում հիվանդները բուժման ընթացքում հաճախ խախտում են ռեժիմը, հատկապես աղքատ երկրներում, որտեղ դեղամիջոցները հասանելի չեն։ Հակաբիոտիկների կուրսը ընդհատելը ոչ միայն բերում է հիվանդության ռեցիդիվի, այլեւ լուրջ հետեւանքների։ Հիվանդության հարուցիչները հակաբիոտիկների նկատմամբ կայուն են դառնում, եւ նման հիվանդին բուժելը շատ ավելի բարդ է դառնում։ Ավելին՝ նման հիվանդը տարածում է արդեն բուժման նկատմամբ կայուն թոքախտ եւ վարակում մյուսներին։
Հակաբիոտիկների նոր օպտիմալացված կոմբինացիան, որի մասին խոսվում է Nature Communications ամսագրում, էապես նվազեցնում է թոքախտի անգամ առավել ախտահարույց շտամերը։
Նշենք, որ թոքախտը ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը Mycobacterium tuberculosis միկրոբակտերիան է, որը տարածվում է օդով հազի, փռշտոցի եւ թքի միջոցով։






