Կանայք, որոնք վաղ փուլում բուժվել են in situ ծորանային կարցիոմայից, ապրում են առողջ կանանցից ոչ կարճ, ավելին՝ նման կանանց մոտ 10 տարվա ապրելիությունը նույնիսկ ավելի բարձր է, քան մնացած բնակչության մոտ։ Նման ուշագրավ եզրակացության են հանգել Netherlands Cancer Institute–ի գիտնականները։
Հետազոտողները ուսումնասիրել են 50 տարեկանից մեծ 10 000 հիվանդների՝ 1989-2004 թթ․ ժամանակահատվածում։ Հետո այդ նույն տվյալները համեմատել են այն կանանց մասին վիճակագրական տվյալների հետ, որոնք կրծքի քաղցկեղ չեն ունեցել։ Պարզվել է, որ առաջին խմբի կանայք ախտորոշումից 10 տարի հետո 10 տոկոսով հաճախ են ողջ մնում նրանց համեմատ ովքեր առողջ էին։ Հետազոտողների խոսքով, առաջին խմբի հիվանդների մոտ ցանկացած պատճառով մահվան վտանգը 50 տոկոսով ցածր է, քան երկրորդ խմբի կանանց մոտ։
Հնարավոր է, դա պայմանավորված է նրանով, որ քաղցկեղից բուժված կանայք հետագայում ավելի լավ են հոգ տանում իրենց մասին, ավելի առողջ սննդակարգի են հետեւում, ավելի հաճախ բժիշկների այցելում ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ռեժիմին հետեւում, ու այդ ամենը դրական է ազդում նրանց առողջության ու կյանքի տեւողության վրա։ Բացառված չէ նաեւ, որ նման հիվանդներն ի սկզբանե ավելի ուշադիր էին հետեւում իրենց առողջությանը, ինչի շնորհիվ էլ հենց նրանց մոտ հաջողվել է այդքան վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը։
Կրծքագեղձի in situ ծորակային կարցիոման համարվում է կրծքի քաղցկեղի նախնական փուլը։ Այդ ուռուցքը լինում է կաթնածորակներում ու այդ փուլում մահացու վտանգավոր չի համարվում, սակայն շատ կանայք ընտրում են մաստէկտոմիան կամ այլ բուժում՝ լիարժեք հիվանդության զարգացումը կանխելու համար։ Տարբեր գնահատականներով առանց բուժման՝ դեպքերի 15-50 տոկոսում ծորակային կարցինոման վերածվում է կրծքի լիարժեք քաղցկեղի։ Որոշ հիվանդներ, որոնք բուժում են անցնում, վախենում են, որ վիրահատությունը կամ ճառագայթային թերապիան բացասաբար կանդրադառնան իրենց հետագա կյանքի վրա, սակայն գիտնականները վստահ են, որ եթե այդ կանայք առողջ կենսակերպ վարեն ու հետեւեն իրենց, նրանց կյանքի տեւողությունը բուժումից հետո չի կրճատվի։






