Ծննդաբերությունից առաջ եւ այդ ընթացքում բարդությունները մեծացնում են երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգը: Այս մասին հաղորդել են Kaiser Permanente-ի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Perinatology ամսագրում:

Եզրահանգումներն արվել են 594.638 երեխայի մասին գրառումների հիման վրա, որոնք լույս աշխարհ են եկել 1991-2009 թվականներին, Հարավային Քալիֆորնիայում, Kaiser Permanente-ի հիվանդանոցներում: Այդ ընթացքում աուտիզմ է ախտորոշվել 6.255 երեխայի մոտ: Նրանց 37%-ը ծննդաբերության ընթացքում որեւէ բարդության է առնչվել, օրինակ՝ շնչահեղձության (ծնվելիս թթվածնի պակասի), կամ նրանց մայրերի մոտ ծննդաբերությունից առաջ իրենց եւ երեխայի կյանքին սպառնացող բարձր ճնշում է գրանցվել:

Հետազոտողները պարզել են, որ շնչահեղձության նման բարդությունները 10%-ով մեծացնում են աուտիկ սպեկտրի խանգարումների առաջացման վտանգը: Եթե երեխաները բարդությունների են բախվում դեռեւս ծննդաբերությունից առաջ, ապա աուտիզմի վտանգն աճում է 22%-ով, իսկ հղիության ընթացքում եւ ծննդաբերության ժամանակ բարդությունների դեպքում՝ 44%-ով:

Ծննդաբերության ժամանակ բարդությունների թվում են արգանդից ընկերքի վաղաժամ առանձնացումը, պտղի ոչ նորմալ դիրքը եւ պորտի ընկնելը: