Հնդկաստանում գիտնականների 20-ամյա հետազոտություներից հետո հաջողվել է պարզել Մուզաֆարփուր քաղաքում մանկական հարյուրավոր խորհրդավոր մահացության դեպքերի պատճառները։

1995-ին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Մուզաֆարփուրում անսապասելիորեն հիվանդանում եւ նոպաներից մահանում են երեխաներ։ Հաճախ նրանք կոմայի մեջ են ընկնում, որից 40 տոկոսը դուրս չի գալիս եւ մահանում է։ Համաճարակը սկսվում է մայիսի կեսից եւ ավարտվում հուլիսի վերջին։

Բժիշկներն ուշադիր հետեւում էին իրավիճակին, սակայն մահվան պատճառները պարզել չէին կարողանում։ Հիվանդ եւ առողջ երեխաների անալիզները գրեթե չէին տարբերվում։ Շատերն այդ դեպքերը միստիկ էին անվանում։

400 հիվանդ եւ 100 առողջ երեխաների հետազոտությունը ինֆեկցիայի կամ պեստիցիդների հետքեր արյան մեջ չէր հայտնաբերել։ Սակայն հիվանդ երեխաների շրջանում մոտ 10 անգամ շատ էին նրանք, ովքեր հիվանդանալուց առաջ 24 ժամվա ընթացքում լիչի էին կերել։ Լիչին առողջության համար օգտակար է համարվում եւ անգամ լայնորեն կիրառվում է սննդում։ Մեզի անալիզը ցույց է տվել, որ օրգանիզմում 2 տեսակի տոքսին կա՝ հիպոգլիցին եւ հիպոգլիցինի մեթիլենցիկլոպոպիլ, որոնք պարունակում են խակ պտուղները։ Բացի այդ, քաղցած ստամոքսին լիչի ուտելը կրկնակի մեծացնում է հիվանդանալու հավանականությունը։

Երբ երեխաները բաց էին թողնում սնունդը, նրանց արյան մեջ շաքարի մակարդակն նվազում էր։ Այդ պահերին օրգանիզմը ճարպաթթուներից գլյուկոզա պիտի ստանա, սակայն լիչիի տոքսիններն արգելափակում են այդ գործընթացը, ինչի պատճառով արյան մեջ շաքարի մակարդակը նվազում էր կյանքի համար վտանգավոր աստիճանի։ Եթե լիչի ուտելուց առաջ  երեխաներն ընթրում էին, հիվանդանալու շանսերը պակասում էին։

Նոր տեսությունը հաստատում է այն փաստը, որ մանկական մահացության կտրուկ աճը հենց լիչիի հասունանալու սեզոնի հետ է համընկնում։ Այս մասին մանրամասն հայտնում է Lancet ամսագիրը։