Ցանկացած ինֆեկցիոն հիվանդության բուժումը մեծացնում է հոգեկան խանգարումների առաջացման հավանականությունը: Այսպիսի անսպասելի հայտարարություն են արել Օրհուսի համալսարանի գիտնականները:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ ծանր ինֆեկցիաներով հոսպիտալացված հիվանդները շիզոֆրենիայի եւ դեպրեսիայի հակվածություն ունեն: Համալսարանի աշխատակիցները բացահայտել են այդ կապի մեխանիզմը: Նրանք վերլուծել են հակաբիոտիկներով՝ մակաբույծների դեմ, հակավիրուսային եւ հակասնկային դեղամիջոցներով բուժվող մարդկանց տվյալները: Մասնագետները գնահատել են այդ մարդկանց շրջանում շիզոֆրենիայի եւ դեպրեսիայի առաջացման հավանականությունը եւ ցանկացել են պարզել, թե ինֆեկցիաներն ինչպես են ազդում հոգեկան առողջության վրա:

Հետազոտությամբ պարզվել է, որ շիզոֆրենիայով տառապող կամավորների 17,4 տոկոսը եւ դեպրեսիայով տառապողների 18,7 տոկոսը անցյալում հոսպիտալացվել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով: Գիտնականները կապ են հայտնաբերել նաեւ աննշան ինֆեկցիաների եւ հոգեկան խնդիրների միջեւ: Մարդը որքան շատ ինֆեկցիոն հիվանդություններով է հիվանդացել, այնքան մեծ է եղել հոգեկան խանգարումների հավանականությունը:

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ դեղամիջոցները ազդում են աղիների միկրոֆլորայի վրա, որը, ինչպես հայտնի է, սերտորեն կապված է ուղեղի աշխատանքի հետ: Դրանից բացի, հավանաբար գոյություն ունեն որոշակի գենետիկ յուրահատկություններ, որոնք մարդու մոտ մեծացնում են ե՛ւ ինֆեկցիոն, ե՛ւ հոգեկան հիվանդությունների առաջացման հավանականությունը: