Գրեթե միլիոնավոր մարդկանց գենոմների շնորհիվ գիտնականներին հաջողվել է առանձնացնել ԴՆԹ-ի նախկիում անհայտ 83 հատվածներ, որոնք ուժեղ ազդում են մարդու եւ նրա սերունդների հասակի վրա: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
«Այն, թե ինչպես է 40-50 սմ հասակով նորածինը վերափոխվում 2 մետրանոց հասուն մարդու, եւ այն, թե մեզնից ոմանք ինչու են կես մետրով մյուսներից բարձր կամ ցածր, շատ հետաքրքիր, բայց գրեթե չուսումնասիրված հարցեր են, որոնք մենք հույս ունենք բացահայտել»,- հայտարարել է Էքսեթերի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Էնդրյու Վուդը:
Այսօր ավելի լավ են ուսումնասիրված այն գեները, որոնք ազդում են մարդու հասակի եւ նրա անատոմիական այլ բնութագրերի վրա: Վերջին տարիներին կենսաբանները ԴՆԹ-ի 400 հատվածներում մոտ 700 մանր փոխակերպումներ են հայտնաբերել, որոնք այսպես կամ այնպես ազդում են մարդու աճի վրա եւ բացատրում բարձրահասակ եւ ցածրահասակ մարդկանց միջեւ տարբերությունների մոտ մեկ հինգերորդ մասը: Այդ բոլոր փոխակերպումները հանդիպում են մարդկանց գենոմներում, որի շնորհիվ էլ, ըստ էության, հայտնաբերվել են:
Վուդը եւ աշխարհի հարյուրավոր առաջատար գենետիկներ, որոնք համագործակցել են GIANT ծրագրում, փորձել են հակառակ խնդիրը լուծել՝ գեների կառուցվածքում «հետքեր» եւ տարատեսակներ գտնել, որոնք հազվադեպ են հանդիպում, սակայն մարդու հասակի վրա ուժեղ են ազդում: Այդ նպատակով նրանք հետազոտել են բրիտանացիների մոտ 700 հազար գենոմներ, որոնք վերջին տարիներին մասնակցել են ուրիշ գենետիկ հետազոտություններին:
Գիտնականներին ընդհանուր առմամբ ոչ թե բոլոր գեներն են հետաքրքրել, այլ գեների կառուցվածքում մոտ 241 հազար մանր փոխակերպումների եւ տարատեսակների ոչ մեծ հավաքածուն, որոնք կարող էին ազդել մարդու հասակի վրա: Նրանք առանձնացրել են մոտ 600 հատված, որոնք բավական ուժեղ են ազդել մարդու հասակի վրա, իսկ դրանցից 83-ը գենետիկներին նախկինում հայտնի չէին:
Գիտնականները նշել են, որ բոլոր փոխակերպումները ծայրահեղ հազվադեպ են հանդիպում կամ պարզապես հազվադեպ՝ դրանցով օժտված են Երկրագնդի բնակիչների 5 տոկոսից ոչ ավելի մարդիկ: Ըստ որում՝ դրանցից շատերի հայտնվելը կամ անհետանալը կապված է 1-2 սմ-ով մարդու հասակի փոփոխության հետ, որը նախկինում բացահայտված գեների չափանիշներով հսկայական տարբերություն է: Այս փոխակերպումներն ընդհանրապես բացատրում են տարբերությունների միայն 1,7 տոկոսը, սակայն կոնկրետ մարդու հասակի վրա դրանց դերը շատ ավելի մեծ է, քանի նախկինում բացահայտված 700 գեներինը:
Մի քանի սանտիմետրով հասակը բարձրացնող այսպիսի փոխակերպումներից մեկը գտնվում է STC2 գենում, որը երեխայի եւ սաղմի մարմնում կառավարոմ է աճի հորմոնների տեղաբաշխումը: Վուդի եւ նրա գործընկերների կարծիքով՝ դեղերով այս գենի ակտիվության մեծացումը կարող է երեխաներին օգնել զարգացմամբ անցնել իրենց հասակակիցներից:
«Գեների մեր հայտնաբերած տարատեսակները պոպուլյացիայում համեմատաբար հազվադեպ են հանդիպում, սակայն շատ ուժեղ են ազդում մարդու հասակի վրա, ինչը մեզ օգնեց մի քանի նոր բան հայտնաբերել մարդու կմախքի աճի մասին, որին տեղյակ չէինք: Այդ գեները կօգնեն որոշել աճի հետ կապված տարբեր խնդիրների առաջացման հավանականությունը: Դրա հետ մեկտեղ հույս ունենք, որ կկարողանանք դրանց հիման վրա այդ խնդիրների բուժում մշակել»,- եզրակացրել է Լոնդենի Մարիա թագուհու համալսարանից Պանոս Դելուկասը:






