Ինդիանայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները կոյաբզեզի ԴՆԹ-ում անսովոր DSX գեն են հայտնաբերել, որով կատարվող մանիպուլյացիաները «արական» սաղմը վերափոխում են իգական սեռական հատկանիշներով էակի, եւ հակառակը: Այս մասին նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

«Այս գենն անչափ նրբորեն է կառավարում արական եւ իգական սեռական հատկանիշների զարգացումը: Այն չափազանց կարեւոր է կանխելու համար էգերի մոտ արական գծերի պատահական առաջացումը, եւ հակառակը, քանի որ դրանց առաջացումը կարող է չափազանց բացասական հետեւանքներ ունենալ կենդանու օրգանիզմի եւ նրա ողջ մնալու հավանականության համար»,- պարզաբանել է Ինդիանայի համալսարանից Քրիս Լենդոն-Ռեթիգը:

Բոլոր կաթնասունները եւ թռչունների շատ տեսակներ հատուկ սեռական քրոմոսոմներ են օգտագործում ապագա սերունդի սեռը որոշելու համար: Օրինակ՝ մարդու սաղմում 2 Х քրոմոսոմի առակայությունը այն աղջկա կվերածի, իսկ մեկ X եւ մեկ Y քրոմոսոմը՝ տղայի: Ձկների եւ կենդանիների որոշ տեակների սեռը որոշվում է այն միջավայրի ջերմաստիճանով, որտեղ սաղմը հասունանում է, կամ գեների եւ ԴՆԹ-ի հետ կապ չունեցող այլ գործոնների հետեւանքով: Եվ մի, եւ մյուս դեպքում գիտնականները չգիտեն, թե որտեղ են գտնվում սաղմի հասունացման «արական» եւ «իգական» ծրագրերը եւ ինչն է դրանք կառավարում:

Հիմա Լենդոն-Ռեթիգը եւ նրա գործընկերները մոտ են այս հարցի հայտնաբերմանը՝ հետեւելով  երկեղջյուր կոյաբզեզների (Onthophagus taurus) ձվերում եւ սաղմերում գենի աշխատանքին, որոնց որձերը եւ էգերը իրենց արտաքինով նկատելիորեն տարբերվում են՝ որձերը հզոր եղջյուրներ ունեն, որոնք օգտագործում են էգերի ուշադրությունը գրավելու համար մարտնչելիս, բայց որձերը չեն մասնակցում սերունդին խնամելուն: Էգերը զուրկ են եղջյուրներից, բայց դրա փոխարեն ավելի հզոր թաթեր ունեն, որոնք անհրաժեշտ են բույն փորելու եւ դրած ձվերը խնամելու համար:

Համեմատելով այս միջատների որձերի եւ էգերի ձվերում սեռական հասունացման եւ զարգացման հետ կապված տարբեր գեների ակտիվությունը՝ գիտնականները հայտնաբերել են, որ այս ամբողջ պրոցեսը կառավարում է միակ DSX գենը: Գենի գոյության մասին կենսաբանները նախկինում էլ գիտեին, սակայն չէին կասկածում, որ այն վերահսկում է որձերի ԴՆԹ-ի ավելի քան 1000 այլ հատվածներ, եւ էգերի գենոմում՝ մոտ 250 գեներ:

Հետազոտողները նշում են, որ այս բոլոր գեները միաժամանակ չեն աշխատում, այլ միանում են բզեզի սաղմի եւ օրգանիզմի հասունացման տարբեր փուլերում, ինչի շնորհիվ DSX-ը  կոյաբզեզի օրգանիզմի աշխատանքը «հսկում» է, փաստորեն, նրա ամբողջ կյանքի ընթացքում: Որոշ դեպքերում այս «դիրիժոր գենը»  պարզապես անջատում է ոչ պիտանի գեները, ինչպիսին են որձերի մոտ եղջյուրների աճի գեները, իսկ այլ գեներում փոխում է նրանց աշխատանքի բնույթը:

Դրա անջատումը  հետաքրքիր արդյունքներ է տալիս՝ ե՛ւ որձերի, ե՛ւ էգերի մոտ անատոմիական հատկանիշների «խառը» հավաքակազմ է առաջանում, որոնք համադրում են ե՛ւ ուժեղ, ե՛ւ թույլ սեռի օրգաններն ու հատկանիշները: Օրինակ՝ բզեզների երկու սեռերի մոտ էլ աճել էին միջին չափի եղջյուրներ, նաեւ առաջացել էր սեռական հատկանիշների «կրկնակի» հավաքակազմ: Եթե այս գենի կառուցվածքը մոդիֆիկացվի, ապա կարելի է այլ արդյունքների հասնել՝ արական սաղմին ստիպել վերածվել էգի, եւ հակառակը:

Հետազոտողները կարծում են, որ նման գեներ պետք է գոյություն ունենան նաեւ այլ մջատների ԴՆԹ-ում, եւ դրանց նմանակները կարող են կառավարել կաթնասունների, թռչունների եւ մարդու սեռական հասունացումը: Այս գեների որոնումը կդառնա Լենդոն-Ռեթիգի գիտական խմբի հաջորդ խնդիրը: