Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի քիմիկոսները նանոմասնիկներ են ստեղծել, որոնք կարող են չեզոքացնել քիմիական զենքի հզորագույն տեսակները՝ VX գազը եւ դրան նման թունաքիմիկատները, նշված է Journal of Controlled Release ամսագրում հրապարակված հոդվածում:
«Անչափ կարեւոր է մեր մոտեցման պարզությունը՝ մեր դեղամիջոցները կարելի է ստանալ միախառնելով բարձրմաքրության ֆերմենտի ջրային լուծույթները եւ անվտանգ բիոհամատեղելի պոլիմերը: Այն հավաքվում է սպիտակուցի եւ պոլիմերի միջեւ էլեկտրակայուն փոխազդեցության հաշվին»,- ասել է Մոսկվայի պետական համալսարանից Ալեքսանդր Կաբանովը:
Քիմիական զենքի ամենաթունավոր տեսակները, որոնք ամենափոքր խտությամբ կարող են մարդուն հաշված վայրկյանների ընթացքում սպանել, պատկանում են, այսպես կոչված, ֆոսֆորաօրգանական քիմիական միացությունների կարգին: Այս նյութերն առաջին անգամ սինթեզվել են դեռեւս 1930-ական թվականների վերջին նացիստական Գերմանիայում, սակայն ռազմական արդյունաբերության մեջ լայն տարածում են գտել միայն անցյալ դարի կեսին, երբ ստեղծվել են այդ նյութերի ամենավտանգավոր տեսակները՝ բրիտանական նյարդակաթվածահարող VX գազը եւ դրա խորհրդային նմանակը՝ VR-ը:
Գիտնականները ներկայացրել են ճարպային մոլեկուլներից կամ օրգանական այլ միացություններից կազմված սնամեջ նանոմասնիկներ՝ լցված դեղով, որը հասցվում է օրգանիզմի անհրաժեշտ հատված: Օրինակ՝ այսօր այս եղանակով քիմիաթերապիայի ժամանակ դեղամիջոցները հասցվում են անմիջապես քաղցկեղային ուռուցքին: Նանոմասնիկների թաղանթներն աստիճանաբար լուծվում են՝ դրանց մեջ լցված մոլեկուլներն ազատելով հատկապես այնտեղ, որտեղ դրանք պետք է հայտնվեն՝ այդ ընթացքում չդիպչելով մարմնի առողջ հյուսվածքներին:
Կաբանովի գիտական խումբը այս նանոմասնիկները հարմարեցրել է մի փոքր այլ լցանյութի՝ հատուկ ֆերմենտի մոլեկուլի «փաթեթավորմանը» եւ անհրաժեշտ հատվածին հասցնելուն, որը մշակվել է Մոսկվայի պետական համալսարանում՝ զարինի եւ այլ ֆոսֆորաօրգանական միացությունների չեզոքացման համար:
Այս նյութն ակտիվորեն քայքայում է նյարդակաթվածահարող թույների մոլեկուլները, բայց դրա հետ մեկտեղ մի մեծ թերություն ունի՝ այն «արտադրում» են բակտերիաներ, որի հետեւանքով տվյալ ֆերմենտի մոլեկուլները մարդու օրգանիզմ մտցնելիս իմունային համակարգի կողմից արագ են քայքայվում:
Նանոմասնիկների մեջ այդ մոլեկուլները դնելով՝ Կաբանովը եւ նրա գործընկերները կտրուկ դանդաղեցրել են մարդու օրգանիզմում դրա քայքայման պրոցեսը, ինչը թույլ է տվել մեծացնել մարմնի մեջ ֆերմենտի խտությունը եւ այն պիտանի դարձնել ռազմական թունավոր նյութերից եւ քիմիկատներից պաշտպանվելու համար: Այս ձեւով հակաթույնը կարելի է պահել ավելի քան 3 տարի:
Գիտնականներն այս նանոմասնիկների աշխատանքը ստուգել են առնետների վրա, որոնց օրգանիզմ են ներարկել երկու նյութերի մահացու չափաքանակներ՝ պարաոկսոնի թունաքիմիկատ եւ VX թույն: Փորձից առաջ ստացած նանոմասնիկները առնետներին փրկել են թունաքիմիկատներից եւ նյարդակաթվածահարող թույնից, մինչդեռ մյուս ստուգիչ խմբի բոլոր առանձնյակները ոչնչացել են:






