Սիեթլում (ԱՄՆ) տեղի ունեցած Ռետրովիրուսային եւ օպորտունիստական ինֆեկցիաների ամենամյա համաժողովում Իսպանիայի եւ մեծ Բրիտանիայի գիտնականները ներկայացրել են ՄԻԱՎ-ի դեմ իրենց բուժող պատվաստանյութի կլինիկական փորձարկումների արդյունքները: Անվանումը նշանակում է, որ առաջարկվող պատրաստուկը նախատեսված է ոչ թե վիրուսով վարակումը կանխելու, այլ արդեն հիվանդացած մարդկանց բուժելու համար:

Մարդը, որը վարակվել է ՄԻԱՎ-ով եւ այն դեպքում, երբ այն հայտնաբերվել է համեմատաբար վաղ փուլում, ստիպված է իր կյանքի ամբողջ ընթացքում ընդունել, այսպես կոչված, հակառետրովիրուսային դեղամիջոցներ (ՀՌԴ): Դրանք թույլ են տալիս կանգնեցնել ախտածին վիրուսի բազմացումը: Սակայն այն անհնար է ամբողջությամբ ոչնչացնել: Հենց հակառետրովիրուսային բուժումը դադարեցվում է, վիրուսն անմիջապես սկսում է ակտիվորեն բազմանալ:

Բուժող պատվաստման նոր ռազմավարությունը ՄԻԱՎ-ի դեմ համալիր բուժման շրջանակում պետք է նվազագույնի հասցնի ՀՌԴ-ի պահանջը, նաեւ լուծի վիրուսային «գաղտնարանների» ոչնչացման խնդիրը, որտեղ ախտածինը իմունային համակարգից հաջողությամբ թաքնվում է:

Օքսֆորդի համալսարանում Թոմաս Հանկեի ղեկավարած խումբը 2 պատվաստանյութ է մշակել: Երկուսն էլ գեներ են կրում, որոնք ՄԻԱՎ-ի բոլոր տեսակներին հատուկ սպիտակուցներ են ծածկագրում: Արյան մեջ ընկնելիս դրանք իմունային համակարգի կողմից որպես օտար ագենտեր են ընդունվում եւ ոչնչանում են, իսկ միաժամանակ դրանց հետ թիրախում են հայտնվում նաեւ օրգանիզմի վիրուսով վարակված բջիջները:

Իսպանիայի ՁԻԱՀ-ի հետազոտման ինստիտուտում (IrsiCaixa) հիվանդների հետ աշխատանքը սկսվել է 3 տարի առաջ: Բեաթրիս Մոթի ղեկավարած հետազոտողները 24 հիվանդի են ընտրել, որոնց մոտ ՄԻԱՎ-ն ախտորոշվել է վարակվելուց հետո 6 ամսից ոչ ուշ: Նրանցից յուրաքանչյուրը սկսել է ստանալ պատվաստանյութի չափաքանակ եւ ՀՌԴ:

Բուժման երկրորդ փուլում նախագծում 15 մասնակից է մնացել, որոնք միջինը 3,2 տարի տեւողությամբ հակառետրովիրուսային դեղորայք են ստացել: Նրանցից յուրաքանչյուրին երկրորդ անգամ են պատվաստանյութերից մեկը ներարկել:

Հաջորդ քայլով օգտագործվել է նախապես հակաքաղցկեղային ռոմիդեպսին (romidepsin) դեղը, որն արդեն երաշխավորվել էր ՄԻԱՎ-ի «գաղտնարանների» դեմ պայքարում: Դեղը ախտածին վիրուսը տառացիորեն լվանում է բոլոր անտեսանելի անկյուններից, որտեղ այն թաքնվում է: Այնուհետեւ արդեն պատրաստված իմունային համակարգը պատրաստ է պատառոտել ցանկացած բջջի, որը վիրուսի թեկուզ փոքր մասի առկայության նշան է տալիս:

Ռոմիդեպսինի երեք չափաքանակների հետեւողական ներարկումից հետո հիվանդների կողմից ՀՌԴ-ի ընդունումն ամբողջությամբ դադարեցվել է: Նրանցից 5-ի համար համալիր բուժումը հենց այնպիսի ազդեցություն է ունեցել, ինչպիսին ակնկալել են հետազոտողները, եւ ինչը ներկայացրել են IrsiCaixa-ի մամուլի հաղորդագրության մեջ:  Այս հիվանդների իմունային համակարգը ՄԻԱՎ-ի դեմ պայքարն ինքնուրույն է շարունակել՝ համապատասխանաբար 6, 14, 19, 21 շաբաթ եւ 7 ամիս:

Ցավոք, վիրուսին զսպելու համար 10 դեպքում ստիպված են եղել արագ վերադառնալ ավանդական դեղերի ամենօրյա ընդունմանը: Այժմ գիտնականները զբաղված են բուժման նոր մեթոդի ընտրովի չկայանալու հնարավոր պատճառների որոնմամբ: