Ֆրուկտոզան վտանգավոր է առողջության համար, այդ մասին շատ ուսումնասիրություններ են վկայում: Բայց օրգանիզմում այն կարող է հայտնվել ոչ միայն սննդամթերքի հետ: Yale University-ի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը նույնպես կարող է ֆրուկտոզա արտադրել, որն օրգանիզմի համար տոքսիկ նշանակություն ունի եւ կարող է մեծացնել դիաբետի եւ սրտի հիվանդությունների առաջացման վտանգը:

Ուղեղը, ըստ գիտնականների, գլյուկոզան՝ իր էներգետիկ պահուստը, կարող է  վերածել ֆրուկտոզայի: Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով 8 առողջ մարդու գլխուղեղը՝ վերջիններիս գլյուկոզա տալով:   Հատուկ սքանավորման միջոցով գիտնականները չափել են ուղեղում գկյուկոզայի կոնցենտրացիան. գլյուկոզան ընդունելուց 10 րոպե անց այն բարձրացել է, իսկ կես ժամ անց բարձրացել է նաեւ ֆրուկտոզայի կոնցետրանցիան, չնայած ֆրուկտոզա նրանք չեն ընդունել: Գիտնականները նաեւ չափել են գլյուկոզայի կոնցենտրացիան արյան մեջ: 

Դոկտոր Ջանիս Հվանգի խոսքով՝ այս հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ մարդկային ուղեղը կարող է ֆրուկտոզա արտադրել:

«Մենք ցույց տվեցինք, որ ուղեղում ֆրուկտոզա կարող է ի հայտ գալ ոչ միայն  ֆրուկտոզա պարունակող մթերք օգտագործելու դեպքում, այլ ուղեղն ինքն էլ կարող է ֆրուկտոզա արտադրել ցանկացած շաքարից, որը մենք օգտագործում ենք»,- ասել է նա:

Այսօր ֆրուկտոզան ակտիվորեն օգտագործվում է սննդամթերքի արտադրությունում: Բայց եթե մրգերի եւ բանջարեղենի միջոցով օրգանիզմ թափանցող ֆրուկտոզան անվտանգ է, ապա նույնը չի կարելի ասել այն ֆրուկտոզայի մասին, որը շաքարի հետ ավելացնում են թխվածքաբլիթում, կարկանդակում եւ այլ մթերքներում: