Ընդամենը մի քանի ավելորդ կիլոգրամն արդեն 56%-ով մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը: Այսպիսի եզրակացության են հանգել Imperial College London-ի հետազոտողները:

Հայտնի է, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումը կապ ունեն առնվազն քաղցկեղի 11 տեսակների հետ, ներառյալ՝ ստամոքսի, աղիների եւ կերակրափողի ուռուցքները: Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ընդամենը 5-6 կիլոգրամի ավելացումը լյարդի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգն ավելացնում է  ավելի քան 56%-ով: Ընդ որում՝ տղամարդկանց մոտ աղիների քաղցկեղի վտանգը մեծանում է գրեթե 10%-ով, իսկ կանանց մոտ, ովքեր արդեն դաշտանադադարի փուլում են եւ հորմոնային փոխարինման թերապիա չեն անցել, այդ ուռուցքի զարգացման հավանականությունը 11% է:

Չնայած ճարպակալման վտանգի մասին ի հայտ եկող նոր ապացույցներին՝քչերն են հասկանում, թե ինչով է սպառնում ավելորդ քաշը եւ  ինչպես է այն ազդում քաղցկեղի ռիսկի վրա: Քաղցկեղային հիվանդացությունների ուսումնասիրման միջազգային հիմնադրամը (WCRF), որն էլ այդ հետազոտության անցկացման համար անհրաժեշտ միջոցներ է տրամադրել, հաշվարկել է, որ միայն Մեծ Բրիտանիայում քաղցկեղի մոտավորապես 25.000 դեպք հնարավոր կլիներ կանխել, եթե հիվանդներն ունենային առողջ քաշ:

Կանխելու ենթակա ուռուցքների թվում վերջերս հայտնվել է նաեւ բազմակի միելոման: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ծխելուց հրաժարվելուց հետո առողջ քաշի պահպանումն ամենակարեւորն է, որ պետք է արվի քաղցկեղի ռիսկի նվազեցման համար: Ավելորդ կիլոգրամները կարող են առաջացնել նաեւ արգանդի, ձվարանների, երիկամների եւ հաստ աղիի չարորակ նորագոյացություններ: