Հողի մեջ առկա հակաբակտերիալ բաղադրիչները կարող են տուբերկուլոզի բուժման նոր մեթոդի հիմքը դառնալ: Այսպիսի եզրահանգման են եկել Սիդնեյի համալսարանի հետազոտողները:
Շատերը սխալմամբ տուբերկուլյոզն անցյալի հիվանդություն են համարում, բայց իրականում տուբերկուլոզից մարդիկ ավելի շատ են մահանում, քան վարակիչ տարբեր հիվանդություններից, ներառյալ՝ ՁԻԱՀ-ը:
2015 թվականին տուբերկուլոզով հիվանդացել է 10.4 մլն մարդ, 1.4 միլիոնը մահացել է: Տուբերկուլյոզ առաջացնող Mycobacterium tuberculosis-ն ավելի կայուն է դառնում հակաբիոտիկների նկատմամբ, ինչի պատճառով մարդկությանը նոր միջոցներ են հարկավոր այդ հիվանդությունը բուժելու համար: 2015 թվականին 480.000 հիվանդներ չեն արձագանքել երկու ամենաընդունված դեղամիջոցներով իրականացվող բուժմանը: Տարեկան շուրջ 250.000 մահերի պատճառը հենց այդ դեղամիջոցների նկատմամբ դիմակայունությունն է:
Սիդնեյի համալսարանի գիտնականները նոր բաղադրիչ են հայտնաբերել, որի հիմքի վրա կարելի է տուբերկուլոզի բուժման համար նոր դեղամիջոց պատրաստել: Նրանց ուշադրությունը գրավել է հողի մեջ գտնվող մի բակտերիա, որը թույլ չի տալիս, որ իր շուրջն ուրիշ բակտերիաներ աճեն: Սինթետիկ քիմիայի օգնությամբ մասնագետներն այդ բաղադրիչներն աճեցրել են տարբեր կառուցվածքային փոփոխություններով՝ստեղծելով նրանց ավելի հզոր անալոգները: Երեք այդպիսի տեսակներ արագորեն ոչնչացրել են տուբերկուլոզ առաջացնող Mycobacterium tuberculosis բակտերիան:
Անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ այդ նյութերը ճնշում են հիմնական սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է բակտերիայի շուրջ պաշտպանիչ բջջային պատ ստեղծելու համար: Նշենք, որ այդ սպիտակուցը որեւէ ազդեցություն չի կրում ներկայում օգտագործվող դեղամիջոցներից: Նոր նյութը արդյունավետ ոչնչացնում է նաեւ մակրոֆագերի ներսում գտնվող՝ տուբերկուլոզ առաջացնող բակտերիաները:






