Ֆիզիկոսների եւ կենսաբանների միջազգային խումբը սիլիցիումից նանոմասնիկներ է օգտագործել՝ ուլտրաձայնի օգնությամբ քաղցկեղային բջիջները գտնելու եւ ոչնչացնելու համար: Առողջ հյուսվածքները, սակայն, չեն վնասվել: Այս մասին նշված է Nanotechnology-ում հրապարակված հոդվածում:
Մոսկվայի պետական համալսարանից Անդրեյ Սվիրիդովի կարծիքով՝ կարեւոր է, որ նանոմասնիկների բիոպոլիմերային ծածկույթը հանգեցնում է դրանց թերապեւտիկ էֆեկտի բարելավման:
Սվիրիդովն ու նրա գործընկերները պրոֆեսոր Վիկտոր Տիմոշենկոյի ղեկավարությամբ սիլիցիումից հատուկ նանոմասնիկներ են ստեղծել՝ պոլիմերային ծածկույթով, որոնք կարելի է օգտագործել ե՛ւ քաղցկեղային ուռուցքների ուսումնասիրության, ե՛ւ դրանց ոչնչացման համար:
Նանոմասնիկների օգտագործման գլխավոր խնդիրն այն է, որ ուլտրաձայնն ու այն կլանող նանոմասնիկները հաճախ ընտրողական ազդեցություն չեն ունենում եւ ոչնչացնում են ոչ միայն ուռուցքը, այլեւ առողջ բջիջները: Բացի այդ, նման նանոմասնիկները հաճախ չափազանց արագ են լուծվում օրգանիզմում:
Տիմոշենկոն, Սվիրիդովն ու նրանց գործընկերները լուծել են այս խնդիրը՝ նանոմասնիկները պատելով գլյուկոզայի մոլեկուլներից բիոպոլիմերով: Նման մասնիկները ոչ միայն ավելի դանդաղ են քայքայվում, այլեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակ լուսավորվում են, ինչը թույլ է տալիս «լուսավորել» ուսումնասիրվող հյուսվածքներն ու բջիջների նմուշները:
Փորձերը ցույց են տվել, որ ուլտրաձայնը գրեթե չի ազդում քաղցկեղային բջիջների վրա, մինչդեռ նանոմասնիկների հետ դրա համադրությունը սպանում է դրանք: Նանոմասնիկներն առանձին վերցրած գրեթե չեն անդրադառնում քաղցկեղային բջիջների կյանքի վրա, եթե դրանց կենտրոնացումը չի գերազանցում որոշակի շեմը:
Բացի ուլտրաձայնի ուժեղացումից՝ տվյալ նանոմասնիկները, ըստ հետազոտողների, կարելի է օգտագործել նաեւ առողջ կամ քաղցկեղային բջիջներ դեղորայք եւ այլ մոլեկուլներ հասցնելու համար: Ուլտրաձայնի կամ ռադիոալիքների օգնությամբ տաքանալու արդյունքում դեղորայքի մոլեկուլներն ավելի շարժունակ են դառնում, ինչն ուժեղացնում է դրանց արդյունավետությունը:
ՄՊՀ-ի մասնագետներից բացի՝ այդ նանոմասնիկների ստեղծմանը մասնակցել են նաեւ ֆրանսիացի եւ իռլանդացի մասնագետներ:






