Լոնդոնում կայացած աճուրդում 15 հազար դոլարով վաճառել են չորացած բորբոսի գրեթե 90-ամյա նմուշը: Հերմետիկ փակված ապակե տարայի նման բարձր գինը պայմանավորված է պիտակով, որի վրա գրված է. «Նմուշներ, որոնցից ստացվել է առաջին պենիցիլինը. Ալեքսանդր Ֆլեմինգ»:

Այն վաճառքի է հանել Ֆլեմինգի զարմուհին՝ Մերի Էն Ջոնսթոնը: Թեեւ այն ամենաառաջին նմուշը համարել հազիվ թե կարելի է. Ֆլեմինգը բորբոսով նման տասնյակ տարաներ է ունեցել, որոնցից ստացել է վերջնական նմուշը:

Հայտնի է, որ բրիտանացի գիտնականը, ձգտելով ճանաչելի դարձնել իր հայտնագործությունը, նման հուշանվերներ է նվիրել հայտնիներին, որոնց թվում են եղել նաեւ Հռոմի Պիոս 12-րդ պապը, արքայազն Ֆիլիպը, Մառլեն Դիտրիխը, Չերչիլն ու Ռուզվելտը:

Աճուրդի տանը նշել են, որ նման տարաները սրբերի մասունքներին հավասար կարգավիճակ են ստացել:

Ալեքսանդր Ֆլեմինգը պենիցիլինը, կարելի է ասել, պատահաբար է հայտնագործել. 1928 թվականին մանրէներով բաժակի մեջ բորբոսասնկերի սպորներ են ընկել եւ պարզվել է, որ դրանք կարող են ոչնչացնել մանրէները: Պենիցիլինն առաջին հակաբիոտիկն է դարձել եւ հսկայական ազդեցություն է ունեցել բժշկության հետագա զարգացման համար: