Պատվաստումների շնորհիվ ամբողջ աշխարհում ավելի քան 10 մլն կյանք է հաջողվել փրկել 52 տարում՝ 1963-2015 թթ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է AIMS Public Health ամսագրում:

Այդ ժամանակահատվածին նախորդող տարիների տվյալների հիման վրա գիտնականները հաշվել են, թե քանի մարդ է հիվանդացել կարմրուկով, պարոտիտով, ջրծաղիկով, պոլիոմիելիտով, կարմրախտով, ադենովիրուսով, հեպատիտ Ա-ով ու կատաղությունով, ու քանիսն են նրանցից մահացել։  Հետո նրանք հաշվարկներ են արել ու հայտնաբերել, որ առանց պատվաստման այդ 52 տարիներին կհիվանդանար գրեթե 200 մլն մարդ, որոնցից 450 000-ը կմահանար։ Պատվաստումների շնորհիվ դրանից հաջողվել է խուսափել։

1963-ին բոլոր վերոնշյալ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստումները հնարավոր են դարձել մարդու բջջի շտամի մշակումից հետո։ Պատվաստանյութերը, որոնք մշակվել են այդ շտամի հիմքով, կանխել են ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու մոտ 4․5 մլրդ դեպք ու դրանց հետեւանքով՝ 10 մլն մահ։ Մինչեւ այդ շտամի հայտնաբերումը պատվաստանյութերի մշակումների մեջ գործածվում էին կապիկի բջիջներ, սակայն նման մոտեցումը բազմաթիվ ռիսկեր էր պարունակում, քանի որ այդ պատվաստանյութերը տեսականորեն կարող էին մարդուն վարակել վտանգավոր վիրուսներով, որոնք բնորոշ են կապիկներին։