Արյունատար անոթները ծածկող էնդոթելային բջիջները կարեւոր դերակատարում ունեն քաղցկեղային հիվանդությունների առաջացման մեջ: Cancer Research Center-ի եւ Medical Faculty Mannheim of Heidelberg University-ի (Գերմանիա) գիտնականները պարզել են, թե դրան ինչ մեխանիզմ է նպաստում. ըստ ամենայնի, քաղցկեղային բջիջներն ուռուցքին ստիպում են տարածվել՝ էնդոթելային բջիջներում ակտիվացնելով Notch ազդանշանային մոլեկուլը:
Notch-ը կարգավորում է սաղմում օրգանների զարգացումը եւ մեծահասակների մոտ արյան ցողունային բջիջների ակտիվությունը: Նախկինում կատարված հետազոտություններով պարզվել է, որ Notch-ից ստացվող խեղաթյուրված ազդանշանները ընդունակ են սովորական բջիջները վերափոխելու ուռուցքային բջիջների: Սակայն գիտնականները մինչեւ հիմա չգիտեին, որ քաղցկեղային բջիջներն իրենք կարող են էնդոթելային բջիջների հետ շփվելիս Notch-ն ակտիվացնել:
Քաղցկեղային բջիջները էնդոթելային բջիջները վերածրագրավորում են՝ դրանք իրենց նպատակների համար օգտագործելու համար: Մասնագետներն անոթների էնդոթելային բջիջները հետազոտել են թոքերի, կրծքագեղձի եւ աղիների քաղցկեղի դեպքում: Նրանք նկատել են, որ ուռուցքների բջիջներում Notch-ի մակարդակն ավելի բարձր է եղել, քան առողջ օրգանների բջիջներում:
Ուռուցքի էնդոթելային բջիջներում Notch-ը որքան ավելի ակտիվ է եղել, այնքան քաղցկեղն արագ է մետաստազներ տվել եւ հայտնվել արյունատար անոթների ու թոքերի մեջ:
Հետազոտության ընթացքում մասնագետները հակամարմնի օգնությամբ մկների մոտ արգելափակել են Notch-ը: Սա խոչընդոտել է քաղցկեղը թոքերում տարածվելուն եւ քաղցկեղի զարգացմանը նպաստող բջիջներին խանգարել է ներթափանցել ուռուցքի մեջ:






