Մերկ հողափորները, որոնք արտասովոր երկարակյաց կրծողներ են, չեն ծերանում, քանի որ անվերջանալի մանկության մեջ են: Այս մասին Physiological Reviews ամսագրում հրապարակված հոդվածում նշել են Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանները:
«Մեզ հաջողվել է ապացուցել, որ երկու՝ սոցիալապես բարձր կազմակերպվածություն ունեցող էակների՝ մարդկանց եւ մերկ հողափորների կենսաբանական էվոլյուցիան ծերացման ծրագրի աշխատանքը դանդաղեցրել է, այսպես կոչված, նեոտենիայի միջոցով՝ երիտասարդության շրջանի երկարացում»,- ասել է ՄՊՀ-ի կենսաինժեներիայի եւ կենսատեղեկատվության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Վլադիմիր Սկուլաչեւը:
Մերկ հողափորը (Heterocephalus glaber) եզակի կաթնասուն է՝ օժտված բազմաթիվ զարմանալի հատկություններով: 1970-ական թվականներին գիտնակաները հայտնաբերել են, որ այս էակներն իրենց չափերի համեմատ անսովոր երկար են ապրում՝ նորմայից 10 անգամ երկար: Դրանից զատ, նրանք քաղցկեղային հիվանդություններով գրեթե չեն հիվանդանում: Հողափորները գործնականում ցավ չեն զգում եւ չեն արձագանքում այրող թթուների հետեւանքով մաշկի գրգռմանը:
Սկուլաչեւը եւ նրա գործընկերները նշել են, որ սերնդափոխությունը եւ տարեց առանձնյակների մահը կենդանիների մեծ մասի էվոլյուցիայի գլխավոր շարժիչներն են: Դա այդպես չէ հողափորների եւ մարդու համար. մենք կենսաբանական էվոլյուցիայից հրաժարվել ենք հօգուտ տեխնիկական առաջընթացի, իսկ մերկ հողափորները «կյանքի եւ մահվան այս շրջապտույտից» դուրս են եկել իրենց գաղութների եզակի սոցիալական կառուցվածքի շնորհիվ, որտեղ մեկ «ընտանիքի» տասնյակ անդամներից բազմանում են միայն երկու առանձնյակները:
ՄՊՀ-ի կենսաբանների խոսքով՝ այս փոփոխությունների վերջնարդյունքը, այսպես կոչված, նեոտենիան է: Պատկերավոր ասած՝ հողափորները «չեն հասունանում» եւ իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահպանում են մանկական գծերը: Օրինակ՝ հողափորների նեյրոնները առաձգականությունը պահպանում են ամբողջ կյանքի ընթացքում: Դրա հետ մեկտեղ, կենդանիները շատ դանդաղ են աճում եւ հասունանում, նրանց ոսկորները պահպանում են մեծ ամրությունն ու զանգվածը, նրանց մարմնի մեջ օքսիդանտները եւ վտանգավոր այլ մոլեկուլները դանդաղ են առաջանում: Բացի այդ, այս կենդանիների համար մահանալու հավանականությունը մշտական է կյանքի առնվազն 25 տարվա ընթացքում: Դա վկայում է, որ հիվանդությունները նրանց հազվադեպ են ախտահարում ինչպես երիտասարդ, այնպես էլ «տարեց» հասակում:
Ամենահետաքրքիրն այն է, որ նեոտենիան, թեկուզ պակաս արտահայտված ձեւով, հատուկ է նաեւ մարդուն: Օրինակ՝ մեր գանգի ձեւը եւ մարմնի ամբողջ անատոմիան քիչ են փոխվում օրգանիզմի աճին զուգահեռ: «Եթե ծերացումը ծրագիր է, ապա այն կարելի է դանդաղեցնել, եւ նման հնարավորությունն արդեն մասամբ իրականացվել է բնական ընտրության միջոցով: Բայց մարդիկ վաղուց հույսը չեն դնում էվոլյուցիայի «կրիայի» արագության վրա: Մեր խնդիրների լուծման համար մենք օգտագործում ենք տեխնիկական առաջընթացի ձեռքբերումները, եւ արդեն ժամանակն է այն ծերացման դեմ կիրառելու համար»,- նշել է Սկուլաչեւը:
Ակադեմիկոսի պնդմամբ՝ այս խնդիրների մի մասը կարելի լուծել մարդու օրգանիզմի առանձին բաղադրիչների ծերացումը դանդաղեցնող նյութերի օգնությամբ:






