Վիկի Պերեսը ժամանակին մոդել էր աշխատում եւ ֆիզիկական կատարյալ վիճակում էր: Սակայն շուրջ մեկ տարվա ընթացքում, չնայած կենսակերպում ոչինչ չէր փոխվել, նա 20 կգ գիրացել է: Պարզվել է՝ ավելորդ կիլոգրամների հայտնվելու պատճառն գլխուղեղի հիպոֆիզի ուռուցքն է։ Հիպոֆիզը վերահսկում է նյութափոխանակության պրոցեսները:
2015 թվականի հոկտեմբերին Վիկին հանկարծ նկատել է, որ սկսել է գիրանալ, չնայած նույն սննդակարգին էր հետեւում, ինչ նախկինում, եւ կանոնավոր մարզվում էր: Մարմնի հետ միասին այտուցվել է նաեւ աղջկա դեմքը, իսկ ոտնաթաթերն այնքան են մեծացել, որ հազիվ էր քայլում: Բժիշկները մտածել են, որ նրա մոտ Քուշինգի համախտանիշ է. հիվանդություն, որի ժամանակ օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակ է նկատվում: Ստերոիդային այս հորմոնը կարգավորում է նյութափոխանակության պրոցեսները, իսկ դրա բարձր մակարդակի դեպքում մարդիկ սովորաբար գիրանում են:
2016 թվականի հունվարին նոր միայն Վիկին տեղեկացել է, որ ուղեղի հիպոֆիզում ուռուցք ունի: Նա հիվանդանոց է տեղափոխվել: ՄՌՏ հետազոտություն է անցել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են ուռուցքը: Բժիշկները ճշգրիտ չգիտեն, թե նորագոյացությունը որքան ժամանակ է այնտեղ եղել, սակայն, բարեբախտաբար, այն հնարավոր է եղել վիրահատությամբ հեռացնել:
Վիկին երկու բարդ վիրահատության է ենթարկվել եւ երկար ժամանկ վերականգնվել է: Հիմա նա ցանկանում է իր պատմությամբ ուրիշների նախազգուշացնել եւ այսպիսի հիվանդությունների նկատմամբ ուշադրություն գրավել:
«Մարզադահլիճը եւ ֆիթնեսը իմ գլխավոր մոլությունն էին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ շոկ ապրեցի, երբ նկատեցի, թե ինչպես են գիրանում դեմքս, ձեռքերս եւ ոտքերս: Ստիպված էի տղամարդու կոշիկ հագնել, բոլոր հագուստներս մի ակնթարթում նեղ դարձան: Ամբողջ ժամանակ փքվածություն էի զգում, չէի ցականում տանից դուրս գալ: Բայց ես շարունակում էի մարզվել՝ չհասկանալով, որ դրանով վիճակս միայն վատացնում եմ»,- ասել է Վիկին:
Նա դեռեւս լիովին չի ազատվել ավելորդ քաշից, բայց, նրա խոսքով, հիմա այդ ուղղությամբ է աշխատում:











