Մարդկանց 83 տոկոսը կոշիկ է ընտրում ոչ իր չափսով, պարզել են Լա Կորունյայի համալսարանի գիտնականները: Նրանք դա են համարում ոտնաթաթի ձեւախախտումների առաջացման եւ դրանց հետ կապված այլ հիվանդությունների պատճառը:

Նրանց դիտարկումները ցույց են տվել, որ ոտքերի ամենատարածված խնդիրները, որոնք կապված են կոշիկի սխալ ընտրության հետ, ոտնաթաթի ոսկորների, մատների, եղունգների ձեւախախտումներն են, ներբանային կերատոզը եւ հարթաթաթությունը:

«Չափով անհամապատասխան կոշիկը կարող է զգալիորեն մեծացնել հարթաթաթության, մատների ձեւախախտման եւ եղունգների խնդիրների առաջացման հավանականությունը: Համանման խնդիրները կապված են ինքնուրույնության կորուստի, հաճախակի ընկնելու եւ հոգեկան խնդիրների հետ»,- նշել են գիտնականները:

Բժիշկները նաեւ հայտնել են, որ տարիքին զուգահեռ տեղի են ունենում մարդկանց ոտնաթաթի կազմաբանության անդառնալի փոփոխություններ, որը սկսում է երկարությամբ եւ լայնությամբ մեծանալ: Այս պատճառով ծերանալուն զուգահեռ հարկ է կոշիկն ավելի խնամքով ընտրել, հուշում են փորձագետները:

Բժիշկները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կարգավորող փոկերով, լավ ամորտիզացիա ունեցող զսպանակավոր ներբաններով կոշիկներին: