Մեծ Բրիտանիայից երեք նեյրոկենսաբաններ ուղեղի հետազոտության համար ստացել են եվրոպական ամենախոշոր պարգեւը՝ Grete Lundbeck European Brain Research Prize-ը: Աշխատանքն ուղղված էր պարգեւատրման համակարգի հետազոտմանը՝ դա նյարդային համակարգի մեխանիզմների եւ կառույցների հանրագումարն է, որն առանցքային դերակատարում ունի մարդու եւ կենդանիների վերապրելու գործընթացում, նաեւ ընդունակ է մի շարք խանգարումներ առաջացնել, այդ թվում՝ թմրամոլություն եւ ճարպակալում:
Փիթեր Դայանը, Ռեյ Դոլանը եւ Վոլֆրամ Շուլցը նշել են, որ շատ զարմացած էին, երբ իրենց հայտնել են մրցանակի մասին: Գիտնականները խոստովանել են, որ դա իրենց համար մեծ պատիվ է եւ իրենց համառ աշխատանքի բարձր գնահատական:
Հետազոտությունը, փաստորեն, 30 տարի է տեւել: Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցներն այս ամբողջ ժամանակահատվածը նվիրել են ուղեղում պարգեւատրման համակարգի հետազոտմանը: Մասնագետները պարզել են, որ այս համակարգի «սիրտը» դոֆամինային նեյրոններն են, որոնք մեծ թվով իրավիճակներում ազդում են մարդու վարքագծի վրա՝ խաղամոլությունից եւ թմրակախվածությունից մինչեւ վտանգների գնահատում եւ որոշումների ընդունում:
Վոլֆրամ Շուլցի պարզաբանմամբ՝ դոֆամինային նեյրոնները նման են փոքրիկ սատանաների, որոնք մեզ ինչ-որ բանի են դրդում՝ լինի դա մեծ բնակարան, ավելի թանկարժեք մեքենա, ծառայողական բարձրացում կամ նյութերի ընդունման հետեւանքով էյֆորիայի ժամանակավոր վիճակ: Մարդիկ իրենց կենսական նպատակները շտկում են հիմնվելով սխալների կանխատեսման համակարգի վրա, որը կազմված է նույն դոֆամինային նեյրոններից: Այդ պատճառով մարդու վարքագիծը կախված է ուղեղի հետադարձ կապից, որը հաղորդում է՝ արդյոք ստացած արդյունքները համապատասխանում են սպասելիքներին:
The Brain Prize-ը նախատեսում է նաեւ 1 մլն եվրոյի չափով դրամական պարգեւատրում՝ այսպիսով լինելով ուղեղի հետազոտման ասպարեզում ամենախոշոր գիտական մրցանակը: Մրցանակը հիմնել է դանիական Lundbeck Foundation կազմակերպությունը, որը կապ ունի Lundbeck դեղագործական արտադրողի հետ:






