Դեռեւս մի քանի տարի առաջ անորեքսիայի խնդիրը բոլորովին արդիական չէր Հայաստանի համար, բայց այսօր արդեն փողոցներում կարելի է բավականաչափ շատ հիվանդագին նիհար երիտասարդ աղջիկների ու տղաների հանդիպել։ Մի կողմից նիհար մարդիկ համապատասխանում են ժամանակակից նորաձեւության պահանջներին եւ այդ պատճառով իրենց նիհար լինելու մեջ խնդիր չեն տեսնում, բայց մյուս կողմից էլ, ինչպես վերջերս գիտնականներն են պարզել, ավելորդ նիհարությունից մահացության մակարդակը բարձր է գիրության հետեւանքով մահացությունից։ Հետեւաբար անորեքսիան բոլորովին էլ այնպիսի անվնաս հիվանդություն չէ, ինչպես շատերին կարող է թվալ։
Ինչպե՞ս ճանաչել անորեքսիայի նախանշանները։
Դրանցից մի քանիսը կարող են օգնել այս (ինչպես եւ այլ հոգեկան ու սննդային վարքի խանգարմամբ) հիվանդությունների բացահայտմանը՝ դրանց ծագման վաղ շրջանում։ Հիշյալ նախանշանների մասին լրագրողներին պատմել է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։
Սեփական անձի նկատմամբ քննադատական վերաբերմունքը
Վարդանուշ Պետրոսյանի խոսքերով, մարդու չափազանց քննադատաբար վերաբերմունքն իր կազմվածքին առաջնային նախանշանն է այն բանի, որ նրա մոտ խնդիրներ կան։ «Մարդուն թվում է, թե ինքը վատն է, գեր, որ անպայման նիհարել է պետք...», - մեկնաբանում է դիետոլոգը։ Եվ նմանատիպ մտքեր կարող են ծագել անկախ արտաքինից ու քաշից. անորեքսիայի պարագայում իրենց գեր են համարում այն մարդիկ, որոնց քաշը օբյեկտիվորեն ցածր է նորմայից։
Դաշտանային ցիկլի խանգարում
Անորեքսիայի պարագայում կանանցից շատերի մոտ նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում։ «Ճարպային հյուսվածքները հորմոնային ակտիվութուն ունեն եւ սեռական հորմոններ են սինթեզում, այդ իսկ պատճառով կանանց մոտ դրանց պակասը բերում է վերարտադրողական ֆունկցիայի խանգարման», - բացատրում է Վարդանուշ Պետրոսյանը։
Մեղավորության զգացումը
Դիետոլոգի խոսքերով, սննդային վարքի խանգարումը վկայող առաջին տագնապալի ազդանշանը կերածի համար մեղավորության զգացումն է։ «Մարդ սկսում է մտածել՝ իզուր այսինչ բանը կերա, վաղը այնինչ բանը կանեմ...։ Անկախ նրանից՝ կանեք այս կամ այն բանը հաջորդ օրը, սնունդը չպետք է մեղավորության զգացում առաջացնի»,- վստահ է դիետոլոգը։ Եթե Ձեր կամ մերձավորներից որեւէ մեկի մոտ նկատեք այս նախանշանները, ապա չի կարելի անտեսել դրանք, քանի որ կարող են անորեքսիայի կամ այլ նմանատիպ խանգարմամբ հիվանդությունների ծագման մասին վկայել։






