Ամերիկացի եւ գերմանացի մոլեկուլային կենսաբանները մակակների օրգանիզմում առաջին անգամ իմունային հզոր ռեակցիա են առաջացրել ՄԻԱՎ-ի կապիկների տարբերակի դեմ՝ օգտագործելով վերջերս հայտնաբերված երկու հակամարմիններ, որոնք ճնշում է ՄԻԱՎ-ի շտամների մեծ մասը: Այս մասին նշված է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր բուժումը ՄԻԱՎ-ի դեմ իմունային հզոր ռեակցիա է առաջացնում եւ օրգանիզմին թույլ է տալիս ինֆեկցիան վերահսկել: Այն գրեթե նույն սկզբունքներով է աշխատում, ինչպես քաղցկեղի իմունոթերապիան՝ օգտագործելով համանման մեխանիզմներ, որոնք արդեն գոյություն ունեն կապիկների եւ մարդու իմունային համակարգում»,- հայտարարել է Նյու Յորքի Ռոքֆելերների համալսարանի աշխատակից Միշել Նուսենցվայգը:

Նուսենցվայգը եւ նրա գործընկերները երկու տարի առաջ հայտնաբերել են չափազանց արտասովոր 3BNC117 հակամարմինը, որն ընդունակ է ճնշել իմունոդեֆիցիտի վիրուսի միանգամից մի քանի տեսակների բազմացումը եւ դրանց «խանգարել» ոչնչացնել իմունային համակարգը:

3BNC117-ի գործողության գաղտնիքն այն է, որ այս հակամարմինը հարձակվում է վիրուսի առանցքային հատվածի՝ նրա թաղանթի ընձյուղի վրա, որը իմունային բջիջների մակերեւույթին կառչում է «պոչերից» եւ վիրուսի «մարտական մասին» օգնում է դրանց մեջ թափանցել: Անցյալ տարի Նուսենցվայգի խումբը ՄԻԱՎ-ով հիվանդների կլինիկական փորձարկումներ է կատարել, որոնցով պարզվել է, որ 3BNC117-ի մոլեկուլները 3 ամիս շարունակ վիրուսը ճնշել են նույնիսկ հակառետրովիրուսային դեղորայքի ստացումը դադարեցնելուց հետո:

Նուսենցվայգին եւ նրա գործընկերներին փորձերի հաջողությունը դրդել է 3BNC117-ը եւ լայն սպեկտրի ազդեցության եւս մեկ հակամարմին՝ 10-1074-ը օգտագործել ՄԻԱՎ-ի դեմ գրեթե լիակատար իմունիտետ ստանալու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է հակամարմինները օրգանիզմ ներարկել վարակվելուց հետո առաջին օրերին եւ ժամերին, երբ վիրուսը նոր է սկսում մարմնի բջիջներում «խրամատավորվել», եւ այդ դեպքում իմունային համակարգը, այս հակամարմիններն օգտագործելով, սկսում է վիրուսի դեմ ինքնուրույն պայքարել:

Փորձերի արդյունքները չափազանց հետաքրքիր եւ անսպասելի հետեւանքներ են ունեցել: 12 մակակների SHIV-ով՝ ՄԻԱՎ-ի «կապկային» տարբերակ, վարակելով՝ գիտնականները 3 օր հետո սկսել են նրանց օրգանիզմ ներարկել 3BNC117-ի եւ 10-1074-ի մեծ չափաբաժիններ՝ հետեւելով վիրուսի եւ կապիկների օրգանիզմի ռեակցիաներին:

Ինչպես եւ կենսաբանները սպասում էին, հակամարմինները ճնշել են ՄԻԱՎ-ի բազմացումը եւ շարունակել են վիրուսին ճնշել հաջորդ 6 ամիսների ընթացքում, քանի դեռ դրանց մոլեկուլներն առկա էին արյան հոսքի մեջ: Այնուհետեւ վիրուսը «խրամատիներից դուրս է եկել» եւ սկսել երկրորդ անգամ բազմանալ, ինչը տխուր էր, բայց նույնպես սպասելի:

Սակայն հաջորդ 1,5 տարիներին տեղի է ունեցել միանգամայն անսպասելի բան: Բոլոր մակակների մոտ, երեք առանձնյակից բացի, զարգացել է ՄԻԱՎ-ի դեմ ուժեղ կամ պարզապես լավ իմունային ռեակցիա: Նրանց օրգանիզմում ինֆեկցիայի մակարդակը կտրուկ նվազել է մինչեւ աննշան չափ եւ այլեւս երբեք չի բարձրացել, չնայած կապիկները ո՛չ հակառետրովիրուսային դեղորայք են ընդունել, ո՛չ հակամարմիններ:

Հետագա փորձերով բացահայտվել է կապիկների իմունիտետի ձեռքբերման պատճառը՝ պարզվել է, որ 3BNC117-ի եւ 10-1074-ի մոլեկուլները, այսպես կոչված, CD8+ T բջիջներին, որոնք ախտածիններին տարբերակում են եւ կառավարում են դրանց նկատմամբ իմունային համակարգի ռեակցիաները, սովորեցրել են «տեսնել» ՄԻԱՎ-ի մասնիկները եւ դրանք ոչնչացնել:

Գիտնականների կարծիքով՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի այս մեթոդը պետք է կիրառելի լինի նաեւ մարդու բուժման համար: