B խմբի վիտամինների ընդունումը փոխհատուցում է օրգանիզմին աղտոտված օդի հասցրած վնասը: Այս մասին հաղորդել են Կոլումբիայի եւ Հարվարդի համալսարանների գիտնականները:
Նոր հետազոտությանը 18-60 տարեկան առողջ կամավորներ են մասնակցել: Նրանց պլացեբո կամ վիտամինային հավելումներ են տվել, որոնք 2.5 մգ ֆոլաթթու, 50 մգ B6 վիտամին եւ 1 մգ B12 վիտամին են պարունակել:
Կամավորները դիմակներով Տորոնտոյի աշխույժ երթեւեկությամբ փողոցներից մեկում օդի աղտոտվածության ազդեցությանն են ենթարկվել: Այնուհետեւ գիտնականները հավաքել են նրանց արյան նմուշներն ու հետազոտել: Պարզվել է, որ վիտամինները կամավորներին փրկել են աղտոտվածության բացասական հետեւանքներից. նրանց օրգանիզմը, ովքեր պլացեբոյի փոխարեն վիտամիններ են ընդունել, ավելի քիչ են տառապել կեղտոտ օդից:
Հետազոտության հեղինակները նշել են, որ անհրաժեշտ է խորը ուսումնասիրել այս հարցը՝ հասկանալու համար, թե հատկապես ինչ մեխանիզմներով են B խմբի վիտամինները պաշտպանում օդի աղտոտվածության հետեւանքներից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Երկրի բնակչության 92%-ը բնակվում է շրջաններում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման:






