Այսօր շատ տարածված են D վիտամինով սննդային հավելումները. շատերն այն ընդունում են` մտածելով, որ դրանք կպաշտպանեն մի շարք հիվանդություններից, այդ թվում` օնկոլոգիական: Մինչդեռ Քրեյթոնի (ԱՄՆ) համալսարանի գիտնականների նոր հետազոտությամբ պարզվել է, որ D վիտամինի օգտագործումը ակնկալվող էֆեկտ չի ապահովում:
Նախկինում կարծում էին, որ D վիտամինի պակասի դեպքում մարդը քաղցկեղային ուռուցքների հանդեպ ավելի ընկալունակ է: Սակայն վերջին հետազոտությամբ նման կապ չի հայտնաբերվել: Ավելին` պարզվել է, որ այս վիտամինի օգտագործումը կարող է կապված լինել որոշ վտանգների հետ: Մասնավորապես` D վիտամինով հավելումների ընդունումը կարող է մեծացնել երիկամների քարերի եւ փխրուն ոսկորների առաջացման հավանականությունը:
Փորձերի ընթացքում փորձագետները հետեւել են կանանց երկու խմբի առողջությանը, որոնցից մեկում ամեն օր D վիտամին եւ կալցիում են ստացել, իսկ մյուսում պլացեբո:
Արդյունքում գիտնականները կամավորների երկու խմբերի միջեւ կրծքագեղձի եւ մաշկի քաղցկեղով հիվանդացության վիճակագրական ոչ մի նշանակալի տարբերություն չեն հայտնաբերել:






