Մարդու վարքագծի որոշ անհատական առանձնահատկությունները, ինչպիսին են ծուլությունը, անհամբերությունը կամ խելամտությունը, իրականում կարող են «վարակիչ» լինել: Այս մասին նշված է ֆրանսիացի նեյրոֆիզիոլոգների հոդվածում, որը հրապարակվել է PLoS Computational Biology ամսագրում:
Փարիզի Գլխուղեղի եւ ողնուղեղի ինստիտուտի աշխատակիցներ Մ արի Դեւենը եւ Ժան Դոնիզոն հետեւել են, թե ինչպես են կամավորները համակարգչով պարզ տնտեսական խաղ խաղում:
Մինչեւ փորձարկումը սկսելը գիտնականները փորձի մասնակիցներին առաջարկել են «ծանոթանալ», թե նրանցից առաջ իրենց ինչպես են պահել ուրիշ կամավորները: Իրականում այդպիսի «կամավորներ» գոյություն չունեին, նրանց դերը կատարում էր արհեստական ինտելեկտը, որի գործողությունների ռազմավարությունը տարբերվում էր «ծուլության», «անհամբերության» կամ «խելամտության» տարբեր աստիճաններով:
Կանոնները շատ պարզունակ էին` համակարգչի էկրանին ցուցադրվում էին տարբեր ապրանքների 2 լուսանկարներ, դրանց գինը եւ վերավաճառքից ենթադրվող շահույթը: Փորձերի մասնակիցը պետք է ընտրեր գործողությունների լավագույն տարբերակը եւ կռահեր, թե նախորդ «խաղացողը» իր փոխարեն ինչ կաներ:
Հետեւելով իրական խաղացողներին եւ գոյություն չունեցող գործընկերոջ վարքագծի վերաբերյալ նրանց պատկերացումներին` գիտնականները ձգտել են հասկանալ, թե արդյոք փորձարկվողների վարքագծի վրա ազդե՞լ են մեքենայի գործողությունները: Պարզվել է, որ արհեստական գիտակցության գործողությունները իսկապես ազդել են մասնակիցների վրա` նրանց ավելի կամ պակաս ծույլ, խելամիտ կամ անհամբեր դարձնելով այն բանի համեմատությամբ, թե նրանք իրենց ինչպես են պահել մենակ ժամանակ:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս բոլոր հատկությունները «վարակիչ» էին` որքան արհեստական ինտելեկտն ավելի անհամբեր, ծույլ կամ խելամիտ է եղել, այնքան այս հատկություններն ավելի ուժեղ են ազդել կամավորների վրա: Նեյրոֆիզիոլոգների կարծիքով` սա պատճառաբանվում է իրեն շրջապատողների տեղում պատկերացնելու մարդու ընդունակությամբ, որպեսզի հասկանա, թե նրանց ինչ պատճառներ, նպատակներ եւ սկզբունքներ են առաջ մղում: Հետաքրքիրն այն է, որ իրենք` փորձի մասնակիցները դա չէին գիտակցում եւ կարծում էին, որ արհեստական ինտելեկտին հետեւելուց հետո իրենց վարքագիծը չի փոխվել:
Գիտնականների կարծիքով` հոգեկան խանգարումների եւ վարքագծի խախտումների որոշ ձեւերը, ինչպիսին են աուտիզմը կամ շիզոֆրենիան, կարելի է այս եղանակով ուժեղացնել կամ թուլացնել:






