Երեխաներին հակաբիոտիկային դեղերի նշանակումը կարող է չափազանց վտանգավոր բժշկական պրակտիկա լինել, համոզված են համատեղ հետազոտությանը մասնակցած Բելգիայի, Իսրայելի եւ Կանադայի գիտնականները: Նրանց խոսքով՝ հակաբիոտիկների վաղ օգտագործումը կարող է մի շարք ծանր հետեւանքներ ունենալ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում, որի մասին հակիրճ հայտնել են Մաքմասթերի (Կանադա) համալսարանից:

«Հակաբիոտիկների վաղ կիրառումը համալիր հարված է հասցնում առնվազն աղիքային միկրոֆլորային, որը, ինչպես հայտնի է, օրգանիզմի համար չափազանց կարեւոր կենսաբանական մեխանիզմ է եւ կառավարում է իմունային համակարգը: Արդյունքում վերջինը հատկապես արտահայտված է տուժում նաեւ այն պատճառով, որ հակաբիոտիկները դեռեւս չամրացած օրգանիզմում հայտնվելով՝ ախտահարում են ուղեղը, մասնավորապես՝ ուղեղի այն հատվածները, որոնք իմունիտետն են կարգավորում»,- ասել են հետազոտության հեղինակներ Մաքմասթերի համալսարանի աշխատակիցները:

Փաստորեն, հակաբիոտիկների վաղ օգտագործումը հետագայում բացասաբար է ազդել աղիքային միկրոֆլորայի, նաեւ ուղեղի այն հատվածների նեյրոքիմիական բաղադրակազմի վրա, որոնք կապված են իմունային համակարգի գործունեության հետ: Հակամանրէային դեղամիջոցների օգտագործումը ոչ միայն սոցիալական ակտիվության նվազեցման եւ տագնապի է հանգեցրել, այլեւ մեծացրել է ագրեսիվությունը:

Գիտնականները նման եզրակացության են հանգել մկների վրա կատարած փորձերի ընթացքում:

Հղի էգերին, նորածին մկներին, նաեւ 3-ից 6-շաբաթական կրծողներին պենիցիլին է ներարկվել: Դրանից հետո գիտնականները հետեւել են կենդանիների հետ տեղի ունեցող երկարաժամկետ փոփոխություններին եւ ցուցանիշները համեմատել են այն կրծողների հետ, որոնք վաղ մանկական տարիքում են հակաբիոտիկներ ստացել:

Հեղինակների կարծիքով՝ մկների համար ստացված եզրակացությունները կիրառելի են նաեւ մարդկանց համար: Գիտնականները ծրագրում են շարունակել երկարաժամկետ հեռանկարում օրգանիզմի վրա պենիցիլինի ազդեցության հետազոտությունները: Նրանց հետաքրքրում է նաեւ հակաբիոտիկների օգտագործման բացասական էֆեկտը մասամբ նվազեցնելու պրոբիոտիկների (Lactobacillus rhamnosus JB-1) հնարավոր հավանականությունը: