Մաշկի վրա բշտիկների առաջացման համար պատասխանատու է մարդու մաշկի միկրոֆլորայի ընդհանուր հավասարակշռությունը, այլ ոչ թե կոնկրետ բակտերիաների առկայությունը կամ բացակայությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Միկրոկենսաբանների միության ամենամյա համաժողովում, հայտնում է EurekAlert պորտալը:
Մաշկի վրա բշտիկների առաջացումը սովորական երեւույթ է, դրանք առաջանում են մարդկանց 80-85 տոկոսի մոտ: Զարմանալին այն է, որ գիտնականները մինչեւ հիմա չգիտեն, թե որն է մաշկային այս հիվանդության առաջացման պատճառը: Կարծիք կա, որ այս պրոցեսում որոշակի դեր են կատարում, այսպես կոչված, պրոպիոնիբակտերիաները (Propionibacterium), բայց դրանք կան նաեւ առողջ մաշկով մարդկանց օրգանիզմում:
Վերջին հետազոտության ժամանակ գիտնականները վերցրել են 72 մարդու (ինչպես բշտիկներով տառապող, այնպես էլ մաքուր մաշկով) մազարմատների նմուշներ եւ ուսումնասիրել են ԴՆԹ անալիզի միջոցով: Պարզվել է, որ փորձարկվող առողջ մարդկանց դեմքի բակտերիաների լրակազմն ավելի բազմազան է, որը թույլ է տալիս զսպել վնասակար միկրոօրգանիզմների տարածումը: Բշտիկներ ունեցող մարդկանց մոտ, հակառակը, ավելի մեծ թվով գեներ են հայտնաբերվել, որոնք ազդում են բորբոքային միացությունների «փոխադրմանը»:
Գիտնականների կարծիքով՝ հայտնագործության շնորհիվ հնարվոր կլինի մաշկի վրա բշտիկների բուժման նոր մոտեցումներ մշակել, որոնց նպատակն է բակտերիալ առողջ հավասարակշռության պահպանումը՝ հակաբիոտիկների փոխարեն, որոնք անխտիր ոչնչացնում են ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար միկրոօրգանիզմները:






