Այսպես կոչված յո-յոյի էֆեկտը, որը բնութագրվում է քաշի տատանումներով, կարող է ծայրաստիճան վտանգավոր լինել սրտի համար ու բարձրացնել ինֆարկտի, ինսուլտի ու նույնիսկ մահվան հավանականությունը, եթե տվյալ մարդու մոտ ի սկզբանե եղել են կարդիոլոգիական խնդիրներ։ Այս մասին նախազգուշացնում են Նյույորքյան համալսարանին կից Լենգոն բուժկենտոնի մասնագետները։
Գիտնականներն ուսումնասիել են սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող 9500 մարդու առողջական վիճակի ու մարմնի զանգվածի գործակցի տվյալները, որոնք հավաքվել են չորս տարվա դիտարկումների ընթացքում։ Այդ տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ քաշի տատանումներն ազդում են ստենոկարդիայի նոպայի, ինֆարկտի, ինսուլտի, նաեւ սրտային անբավարարության զարգացման վրա։
Գիտնականների խոսքով հետազոտությունը ցույց է տվել, որ ավելացած կամ նվազած յուրաքանչյուր կես կամ մեկ կիլոգրամը 4 տոկոսով բարձրացնում է սրտի խնդիրների սրման եւ 9 տոկոսով՝ այդ պատճառներից մահացության հավանականությունը։ Մասնավորապես պարզվել է, որ սրտի խնդիրներ ունեցող հիվանդների մոտ քաշի կտրուկ ավելացման դեպքում մահվան վտանգը եղել է 124 տոկոսով, միոկարդի ինֆարկտի վտանգը՝ 117 տոկոսով, ինսուլտի վտանգը՝ 136 տոկոսով բարձր, քան կայուն քաշ ունեցող հիվանդների մոտ։
Մասնագետների խոսքով քաշի տատանումները առաջացնում են հորմոնալ սպեցիֆիկ փոփոխություններ, որոնք բացասաբար են ազդում սրտի վրա։






