Հանրահայտ հարսանեկան զգեստը, որը համացանցում վիճաբանությունների առիթ է դարձել, տարբեր մարդիկ տարբեր գույն են տեսնում այն պատճառով, որ մենք տարբեր կերպ ենք ընկալում լույսի ու ստվերի խաղը: Journal of Vision-ում հրապարակված հոդվածում այս մասին նշել է Նյու Յորքի համալսարանի նեյրոֆիզիոլոգ Պասկալ Վալիշը:
«Բնօրինակ լուսանկարների ցուցադրությունը խախտված էր, ինչի պատճառով հասկանալի չէր, թե որտեղ է գտնվում լույսի աղբյուրը: Այդ պատճառով մենք գիտակցաբար եւ ենթագիտակցաբար հետեւություններ ենք անում, թե հատկապես ինչպես է լուսավորված զգեստը, ինչն ազդում է նրա վրա, թե ինչ գույներ ենք տեսնում այն նկարում»,- պատմել է նա:
2015 թվականի գարնանը հերթական համացանցային հիթը դարձավ Tumblr սոցցանցում հրապարակված հարսանեկան զգեստի լուսանկարը: Հազարավոր օգտատերեր վիճում էին, թե ինչ գույնի է այն՝ ոսկեգո՞ւյն, թե՞ կապույտ: Արդյունքում պարզվեց, որ հարցվածների ավելի քան 70%-ն այն տեսնում է սպիտակ-ոսկեգույն երանգով, եւ միայն մեկ երրորդն էր պնդում, որ այն կապտասեւ է: Ավելի ուշ պարզվեց, որ կա եւս մեկ՝ փոքր խումբ, որոնց համար զգեստը շագանակագույն է:
«Կռվազգեստն» արագորեն գրավեց նեյրոֆիզիոլոգների եւ մյուս գիտնականների ուշադրությունը, ովքեր փորձում էին բացատրել, թե ինչու է այդպես պատահում եւ ով է դրանում մեղավոր: Նրանք ենթադրում էին, որ վեճի պատճառն այն է, թե ինչպես է մարդկային ուղեղը հեռացնում ավելորդ գույնը ընկալվող պատկերից:
Վալիշն առաջարկել է սեփական բացատրությունը, թե ինչու է ուղեղը հեռացնում կամ կապույտ կամ դեղին գույնը՝ դա պայմանավորելով նրանով, թե ինչպիսի պատկերացումներով է առաջնորդվում մարդը՝ դիտելով պատկերը:
Նրա խոսքով՝ կարեւորն այն է, թե որտեղ է տեղակայված լույսի աղբյուրը եւ ինչպես է այն լուսավորում լուսանկարը կամ կտավը:
«Ստվերները սովորաբար կապտավուն երանգ ունեն, եւ ուղեղում մենք պատկերից առանձնացնում ենք կապույտ գույնը: Արդյունքում մեզ մոտ երեւում է միայն վառ պատկերը՝ ոսկեգույնով ու սպիտակով: Մյուս կողմից՝ արհեստական լույսը սովորաբար դեղին գույնով է փոխանցվում, ուստի երբ վառ նկար ենք տեսնում, մենք այդ երանգը նույնպես հեռացնում ենք պատկերից, արդյունքում տեսնում ենք կապտասեւ զգեստ»,- բացատրել է մասնագետը:
Գիտնականն իր թեզը ստուգել է՝ համացանցում հավաքելով 13 հազար կամավորների: Նրանց խնդրել է եւս մեկ անգամ դիտել «կռվազգեստը» եւ պատասխանել մի հարցի՝ Քեյթլին Մաքնիլ զգեստը ստվերի մե՞ջ է, թե՞ ոչ:
Պարզվել է, որ պատկերացումը, թե այն ստվերում է, մեծ ազդեցություն է ունեցել: Նրանք, ովքեր կարծել են, որ զգեստը ստվերում է, 80% դեպքում համարել են, որ այն ոսկեգույն է, իսկ նրանք ովքեր հակառակ կարծիքին են եղել, 50% դեպքում պնդել են, որ այն կապտասեւ է:
Փորձելով բացատրել, թե ինչու են այս դեպքում նույնպես կարծիքները տարբերվում, Վալիշը հանգել է եզրակացության, որ գուցե օրվա ընկալումն է ազդում ստվերի ու լույսի ընկալման վրա: Նա կրկին խնդրել է կամավորներին հարցման մասնակցել եւ պարզել է, որ «արտույտները», ովքեր սովոր են ապրել վառ լույսի տակ եւ տեսնել վառ գույներ, զգեստը ոսկեգույն են համարում, իսկ «բուերը»՝ կապտասեւ:
Նման արդյունքը, ըստ գիտնականի, եւս մեկ անգամ ապացուցում է մարդու կողմից իրականության ընկալման սուբյեկտիվությունը. գույները, պատկերները, որոնք մենք տեսնում ենք շրջապատում, իրականում կարող են բոլորովին այլ լինել:







