Ուղեղի մեջ վիրուսի ներարկումը, որն ընդունակ է վերածրագրավորել բջիջները, կարող է դառնալ Պարկինսոնի հիվանդության բուժման նոր արմատական մեթոդ: Այս մեթոդն առաջարկել են Թագավորական ինստիտուտի հետազոտողները:

Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդիկ իրենց շարժումները դժվարությամբ են կառավարում բջիջների ոչնչացման հետեւանքով, որոնք դոֆամին նեյրոմեդիատոր են արտադրում: Ներկայումս հիվանդությունն անբուժելի է համարվում: Սաղմնաբջիջների փոխպատվաստումը եւ փոխպատվաստումից հետո իմունոդեպրեսանտների ընդունումն այսօր բուժման բազմախոստումնալից մեթոդ է համարվում: Սակայն այս մեթոդը մի շարք թերություններ ունի, օրինակ՝ սաղմնաբջիջների պակասը եւ փոխպատվաստումից հետո իմունոդեպրեսանտների ընդունումը: Դրանից բացի, բուժման այս մեթոդը մի շարք էթիկական խնդիրներ է առաջացնում, հետեւաբար դրա լայն կիրառման մասին խոսք լինել չի կարող:

Գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման միանգամայն նոր մեթոդ են մտահղացել: Հետազոտության շրջանակում նրանք մկների (որոնց դոֆամինային նեյրոնները ոչնչացած էին) ուղեղի մեջ են ներարկել վիրուս: Վիրուսի 4 գեները վերածրագրավորել են աստրոցիտները (ուղեղի գլիալային բջիջները), որի հետեւանքով աստրոցիտները դարձել են դոֆամինային նեյրոններ:

Գիտնականները 5 շաբաթ հետո մկների մոտ բարելավում են նկատել: Մասնավորապես՝ նման բուժում ստացած կրծողների քայլվածքը դրական փոփոխություն է կրել՝ ստուգիչ խմբի համեմատությամբ: Հետազոտողները կողմնակի էֆեկտներ չեն գրանցել: Մարդկային բջիջների վրա անցկացված փորձերի ընթացքում մասնագետները նույնպիսի արդյունքներ են ստացել: Այսինքն՝ նոր մթոդը տեսականորեն կարող է օգնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց: Սակայն գիտնականները նշում են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ բուժման արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար: