Դաջվածքներ ունեցող մարդիկ ջերմային հարված ստանալու ավելի մեծ հավանականություն ունեն, քան չունեցողները: Այս մասին հայտնում են Ալմայի քոլեջի գիտնականները:
Նրանք պարզել են, որ դաջվածքներն ազդում են մարդու քրտնարտադրության վրա. դաջված մաշկի վրա ավելի քիչ է քրտինք հայտնվում, քան մաշկի մաքուր հատվածների վրա: Դրանից բացի, դաջված մաշկի վրա քրտինքը ավելի շատ է նատրիում պարունակում:
Դաջվածք կատարելիս թանաքը մաշկի տակ է անցկացվում մոտ 3-5 մմ խորությամբ: Նույն խորության վրա են տեղակայված քրտնագեղձերը: Հնարավոր է, որ հենց այս պատճառով են դաջվածքները մաշկին խանգարում քրտնել: Մինչդեռ քրտինքի արտադրումն անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար, իսկ քրտինքի բացակայության դեպքում գերտաքացումը կարող է ջերմային հարված առաջացնել:
Գիտնականները վերցրել են նվազագույնը 5,2 սմ լայնությամբ դաջվածքներով 10 կամավորների քրտինքի նմուշներ: Նրանք հաստատել են, որ դաջված մաշկի վրա քրտինքն ավելի քիչ է եղել, քան մաշկի դաջվածք չունեցող հատվածների, նաեւ ավելի բարձր է եղել նատրիումի խտությունը: Հետազոտողները դեռեւս ճշգրիտ չգիտեն, թե սա առողջության վրա ինչպես կարող է ազդել: Սակայն ենթադրում են, որ դաջվածքների պատճառով կարող են ջերմակարգավորման խնդիրներ առաջանալ, հետեւաբար դաջվածքներով մարդկանց շրջանում շոգ եղանակին ջերմային հարված ստանալու հավանականությունը տեսականորեն մեծ է:






