Ճապոնացի գիտնական Հարուկո Օբոկատայի հետազոտությունն այն «հաջողված» փորձի մասին, որ սովորական բջիջներից ցողունային բջիջներ կարելի է ստանալ՝ նրանց վրա թթվով ազդելու միջոցով, պարունակում է անճշտություններ եւ կեղծումներ:

Հունվարի վերջին գիտնականների խումբը ԱՄՆ-ից եւ ճապոնիայից Nature ամսագրում հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ հնարավոր է սովորական բջիջները վերածել ցողունայինների առանց նրանց գենետիկ կոդի վրա ազդելու: Սա գիտական աշխարհում իսկական հայտնություն դարձավ:

Սակայն անմիջապես հոդվածի լույս տեսնելուց հետո մի շարք գիտնականներ ուշադրություն դարձրեցին հետազոտության մեջ առկա անճշտությունների վրա: Կրկնել Օբոկատայի եւ նրա գործընկերների արդյունքները առայժմ ոչ մի գիտնականի չի հաջողվել:

RIKEN ինստիտուտը նշանակեց սեփական հետազոտությունը: RIKEN–ը ստուգում է բջիջների խթանված պլյուրոպոտենտություն ձեռք բերելու ունակության իսկությունը (Stimulus-Triggered Asquisition of Pluiropotency) կամ STAP: Դա կտեւի մոտ մեկ տարի, հայտարարել է RIKEN –ի տնօրեն Ռոյոջի Նոյորին՝ 2001թ.-ի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրը:

Ինստիտուտը ճանաչել է, որ լուսանկարները, որոնք Օբոկատան օգտագործել է իր հայտնագործության ցուցադրման համար, վերցված են նրա դոկտորական դիսերտացիայից, որը կապված չէ STAP բջիջների հետ:

Հանձնաժողովը նաեւ խիստ քննադատել է համահեղինակներին, որոնք հարկ եղած մանրակրկիտությամբ չեն ստուգել նրա հետազոտության տվյալները: Այսօրվա դրությամբ գիտնականները դժվարանում են միանշանակ պատասխան տալ  STAP բջիջների հնարավոր գոյության մասին:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, Օբոկատան հայտարարել է, որ բողոք կներկայացնի ընդդեմ RIKEN –ի:

Օբոկատան իսկապես հանրաճանաչ էր դարձել Ճապոնիայում իր աշխատանքների հրապարակումից եւ հաղորդումից հետո, որտեղ նրան ցույց էին տվել լաբորատոր խալաթի փոխարեն ավանդական ճապոնական հագուստով՝ վարդագույն պատերով լաբորատորիայում:

Ինչպես սպասվում է, RIKEN ինստիտուտը կնոջ հետագա ճակատագրի մասին որոշում կընդունի ավելի ուշ: