Ամերիկացի գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը մկանների բջիջներին ստիպում է այնքան ճարպ այրել, որքան ֆիզիկական ինտենսիվ վարժությունները, դրա հետ մեկտեղ 70 տոկոսով մեծացնելով մարմնի տոկունությունը: Այս մասին նշված է Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում:

Քալիֆորնիայի Սոլքի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները քիմիական նյութ են հայտնաբերել, որն ակտիվացնում է սովորաբար վազքի ժամանակ խթանվող գենը: PPAR delta (PPARD) կոչվող այս գենն ակտիվացնելով նստակյաց կենսակերպ ունեցող մկների օրգանիզմում՝  գիտնականները կարողացել են նմանակել աերոբիկային ֆիզիկական վարժությունների առավելությունները՝ դիմացկունության մեծացումը եւ ճարպերի այրումը: Հետազոտության ղեկավար Ռոնալդ Էվանսը եւ նրա գործընկերները նշում են, որ իրենց հետազոտության արդյունքները մոտեցնում են «սպորտը՝ հաբի մեջ» վարկածի գոյության հնարավորությունը, այսինքն՝ դեղի, որը նմանակում է ֆիզիկական վարժությունների առավելությունները:

Այսօր գիտությունը մեծահասակներին խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե միջին ինտենսիվության աերոբիկային վարժություններ կատարել կամ 75 րոպե ինտենսիվ վարժություններ՝ ընդհանուր առողջության եւ ֆիզիկական վիճակի բարելավման նպատակով: Մարդիկ դա չեն անում հիմնականում մոտիվացիայի բացակայության պատճառով, սակայն կան նաեւ այնպիսի մարդիկ՝ տարեց կամ շարժունակության խնդիրներով, որոնք սկզբունքորեն չեն կարող սպորտով զբաղվել:

Գիտնականները հայտնաբերել են, որ PPARD գենը մկաններում ակտիվանում է GW1516 կոչվող քիմիական նյութի ազդեցությամբ: Գիտնականները նյութի չափաքանակ են տվել 2 ամիս շարունակ անշարժ կենսակերպ վարած մկներին, հետո կրծողներին թեստավորել են յուրահատուկ վազքուղում: Մկները կարողացել են 70 տոկոսով ավելի երկար շարժվել, քան այն կրծողները, որոնց GW1516 չեն տվել:

Գիտնականները հասկանում են, որ իրենց հետազոտության արդյունքները կարող են օգտագործել մարզիկները, ովքեր ցանկանում են բարելավել իրենց դիմացկունությունը, սակայն ասում են, որ դրանք կարող են օգուտ տալ նաեւ նրանց, ովքեր չեն կարողանում ֆիզկուլտուրայով զբաղվել՝ նվազեցնելով ֆիզիկական ակտիվության պակասի հետեւանքով առաջացող քրոնիկական հիվանդությունների հավանականությունը: «Սպորտն օգտակար է գործնականում բոլորի համար: Մեր հետազոտությունից հետո կարելի սկսել մտածել դեղերի մշակման մասին, որոնք կարող են ֆիթնեսի առավելություններ ապահովել եւ մարդկանց օգնել: Ըստ էության, պոտենցիալը սահմանափակված չէ»,- մեկնաբանել է Էվանսը: