Մարդկանցից շատերը քաղցկեղային հիվանդությունները մահվան դատավճիռ են համարում, իսկ ահա սրտի անբավարարությանը բավականին հանգիստ են վերաբերվում: Իրականում սրտային անբավարարության հետեւանքով մահանալու հավանականությունն ավելի բարձր է, քան այսօր առավել տարածված քաղցկեղի շատ տեսակների հետեւանքով, պնդում են Keele University-ի գիտնականները:
Հետազոտության շրջանակում, որը նրանք կատարել են University of Aberdeen-ի եւ University of Manchester-ի գործընկերների հետ համատեղ, գիտնականները վերլուծել են մահվան դեպքերի տվյալները, որոնք 2000-2001 թվականներին հավաքվել են Շոտլանդիայում:
Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց շրջանում քաղցկեղի առավել տարածված տեսակներն են շագանակագեղձի, թոքերի քաղցկեղը, կոլորեկտալ քաղցկեղը եւ միզապարկի քաղցկեղը: Կանանց շրջանում տարածված են կրծքագեղձի քաղցկեղը, թոքերի, ձվարանների, նաեւ կոլորեկտալ քաղցկեղը:
Հետազոտությամբ պարզվել է, որ տղամարդկանց մոտ սրտային անբավարարությունը կապված է ավելի վատ վերապրելիության հետ, քան շագանակագեղձի եւ միզապարկի քաղցկեղի դեպքում է: Ի դեպ, տղամարդիկ ավելի հաճախ են մահացել թոքերի եւ աղիների ուռուցքների հետեւանքով, քան սրտի անբավարարության պատճառով:
Կանանց շրջանում սրտային անբավարարության դեպքում վերապրելիությունն ավելի վատ էր, քան կրծքագեղձի եւ աղիների քաղցկեղի դեպքում, բայց մյուս կողմից՝ կանայք այն ավելի լավ են հաղթահարել, քան թոքերի եւ ձվարանների ուռուցքները:
«Մեր հետազոտությունը ցուցադրում է, որ չնայած նորագույն դեղերով ու տեխնոլոգիաներով սրտային անբավարարության բուժման նոր մեթոդներին, հիվանդների մահացությունը շարունակում է բարձր մնալ: Սրտային անբավարարությունը մարդու կյանքի համար ավելի վտանգավոր է, քան որոշ ուռուցքները: Շատ դեպքերում սրտային անբավարարության ախտորոշմամբ մարդու կյանքի տեւողության կանխատեսումը ընդամենը մեկ տարի է կազմում: Սա շատ ավելի քիչ է, քան որոշ ուռուցքների դեպքում»,- նշել են հետազոտողները:






