Մկների վրա կատարված հետազոտությամբ պարզվել է, որ օրվա ընթացքում լյարդն ընդունակ է իր ծավալի կեսի չափով մեծանալու, իսկ հետո դարձյալ իր նախնական չափին վերադառնալու: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

Մկների դիտարկումներով պարզվել է, որ գիշերվա ընթացքում նրանց լյարդը մեծանում է ավելի քան 40 տոկոսով, իսկ օրվա ընթացքում դարձյալ փոքրանում է: Սա համընկնում է մկների ցիրկադային ռիթմերին՝ ցերեկը նրանք հանգստանում են, իսկ ակտիվացումը կատարվում է գիշերային ժամերին: Լյարդի չափերի փոփոխությունը կատարվում է նրա բջիջների չափերի փոփոխության հաշվին. լյարդում մեծանում եւ փոքրանում է ռիբոսոմների թիվը՝ օրգանոիդներ, որոնք անհրաժեշտ են սպիտակուցների սինթեզի համար: Այսպիսով՝ գիշերվա ընթացքում սպիտակուցների արտադրումը հասնում է իր բարձրակետին, իսկ ցերեկը ռիբոսոմի ավելցուկային կոմպոնենտները օրգանիզմի կողմից օգտագործվում են:

Հետազոտողները նշել են, որ եթե մարդիկ նույնպիսի մեխանիզմներ ունեն, ապա կենսակերպի անհամապատասխանությունը ցիրկադային ռիթմերին կարող է առողջության վրա բացասաբար ազդել: Գիշերային հերթափոխի աշխատանքը, միջազգային հաճախակի ուղեւորությունները բերում են նրան, որ օրգանիզմը հանգստանում կամ ակտիվություն է դրսեւորում ոչ այն ժամերին, երբ պետք է: