«Գարեջրային որովայնով» մարդիկ զգալորեն ավելի հաճախ են մահանում սրտանոթային հիվանդություններից, քան ավելորդ քաշով, բայց մեծ որովայն չունեցող մարդիկ: Այս մասին ասվում է Annals of Internal Medicine պարբերականում հրապարակված վիճակագրական հետազոտությունում:
Հետազոտությանը 15 հազար մարդ է մասնակցել, կեսից ավելին` կանայք: Օգտագործվել է Կոքսի համամասնական ռիսկերի մոդելը: Հետազոտության նպատակն է, այլ ռիսկերը հաշվի առնելով, պարզել ճարպակալության տարբեր ձւեր ունեցող մարդկանց համար կարդիովասկուլյար եւ մարդկանց համար մյուս մահացու ռիսկերը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ, այսպես կոչված, կենտրոնական ճարպակալմամբ (որովայնի հատվածում ճարպակալված հատվածներով, այսինքն` «գարեջրային» որովայնով) մարդիկ ավելի շատ են ռիսկի ենթարկվում եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառվ ավելի հաճախ են մահանում, քան նորմալ եւ նույնիսկ ավելորդ քաշ ունեցող մարդիկ:
Մարմնի զանգվածի նորմալ գործակից (22) սակայն կենտրոնական ճարպակալում ունեցող տղամարդը 1,87 անգամ ավելի շատ է մահվան ռիսկի ենթարկվում, քան մարմնի նմանատիպ գործակցով, սակայն առանց «գարեջրային» որովայնի տղամարդը: Ավելին, սրտանոթային հիվանդությունների (օրինակ ինֆարկտի ու ինսուլտի) պատճառով մահվան վտանգը կրկնակի բարձր է, քան մարմնի զանգվածի բարձր գործակից՝ այսինքն ավելորդ քաշ ունեցող տաղամարդկանց շրջանում:
Ինչ վերաբերում է կանանց, կենտրոնական ճարպակալություն ունեցող կինը 1,48 անգամ ավելի է վտանգված, քան մարմնի զանգվածի նորմալ գործակից ունեցող կինը եւ 1,3 անգամ ավելի, քան մարմնի զանգվածի բարձր գործակից ունցող կինը:
Նշենք, որ նախորդ հետազոտություններում գոտկատեղի եւ ազդրերի չափսերի սխալ համադրումը (այսինքն` եթե գոտկատեղն ավելի լայն է, քան ազդրերը) կապել են կարդիովասկուլյար եւ երկրորդ տեսակի շաքարախտի վտանգի հետ, բայց ներկայիս հետազոտությունը առաջինն է, որտեղ վտանգները քանակապես են գնահատված:
«Ոչ բոլոր ճարպերն են նույնատեսակ վտանգավոր», —El Pais պարբերականին բացատրել է էնդոկրինոլոգ Անտոնիո Մասը:
«Ընդերային (օրգանները շրջապատող) ճարպը մետաբոլիզմի տեսակետից ավելի ակտիվ է եւ դրա ավելցուկը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ դիմադրության մեծացմանը եւ որպես, հետեւանք՝ շաքարախտի, ինչպես նաեւ արյան մեջ լիպիդային պրոֆիլի ցուցանիշների վատացմանը: Դա նյութափոխանակության համախտանիշի կլինիկական մարկերն է, որը բնութագրվում է կարդիովասկուլյար ռիսկի բազմաթիվ գործոններով եւ մահացության մեծ աճով»:






